հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Փոփոխություն Հյուպատոսական ծառայության մասին օրենքում. ԱԺ հանձնաժողովը հավանություն տվեց

Փոփոխություն Հյուպատոսական ծառայության մասին օրենքում. ԱԺ հանձնաժողովը հավանություն տվեց

ՀՀ ազգային ժողովի պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովը հավանություն տվեց «Նոտարիատի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին և «Հյուպատոսական ծառայության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթին, որով ի թիվս այլ փոփոխությունների, առաջարկվում է վերացնել ճզմիչ կնիքի պարտադիր առկայության պահանջը և ավելացնել QR կոդի առկայության պահանջը:

Նախագիծն ԱԺ հանձնաժողովի նիստում ներկայացրեց Արտաքին գործերի փոխնախարար Վահան Կոստանյանը:

«Նախատեսվում է բարձրացնել փաստաթղթերի իսկության ստուգման արդյունավետությունը, կրճատել հավելյալ ծախսերը՝ մասնավորապես ՀՀ դիվանագիտական ծառայության մարմինների մասով, համապարփակ կարգավորել հետախուզվող անձի նկատմամբ նոտարական գործողություն կատարելու մերժման կարգը և հստակեցնել ՀՀ դիվանագիտական ծառայության մարմինների անունից նոտարական գործողություններ կատարող անձանց շրջանակը»,-ասաց Կոստանյանը:

«Նոտարիատի մասին» օրենքով որպես նոտարական ակտի բաղադրիչ է հանդիսանում ճզմիչ կնիքը: Ներկայումս գործում է «QR» կոդը և «e-verify» համակարգը, որը հնարավորություն է տալիս հավաստիանալու վավերացված փաստաթղթի իսկության մեջ: Ըստ նախագծի հիմնավորման՝ նման պայմաններում նոտարական ակտի բովանդակության բաղադրիչ հանդիսացող ճզմիչ կնիքի անհրաժեշտությունը վերանում է: Այսպիսով՝ նախագծով առաջարկվում է վերացնել իրավակիրառ պրակտիկայում առաջացած խնդիրները, անհամապատասխանությունները, ճզմիչ կնիքի պարտադիր առկայությունը, ավելացնել QR կոդի և  «e-verify» համակարգի վերաբերյալ դրույթներ:

««Հյուպատոսական ծառայության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագծով հնարավորություն կընձեռվի խուսափել իրավական ակտերի միջև առկա հակասություններից և հստակեցնել հյուպատոսական պաշտոնատար անձի, այդ թվում հյուպատոսների և փոխհյուպատոսների կողմից մատուցվող նոտարական ծառայությունները»,-ասաց փոխնախարարը:

Նախագծով առաջարկվում է դիվանագիտական ներկայացուցչությունների և հյուպատոսական հիմնարկների անունից նոտարական գործողություններ կատարելու իրավասությունը վերապահել հյուպատոսական պաշտոնատար անձանց, իսկ նրանց բացակայության դեպքում՝ նոր միայն դիվանագիտական ծառայության մարմինների ղեկավարներին: Նշյալ հասկացությունը ներառում է ինչպես հյուպատոսներին, այնպես էլ փոխհյուպատոսներին:

  • Կիսվել: