ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Պետրոսյանը վստահ է՝ այլ տեղերում ևս ճանապարհների պարալիզացումը 1-2 շաբաթվա ընթացքում գործընթացն իր ավարտին կհասցնի

Պետրոսյանը վստահ է՝ այլ տեղերում ևս ճանապարհների պարալիզացումը 1-2 շաբաթվա ընթացքում գործընթացն իր ավարտին կհասցնի

Ըստ քաղաքագետ Սուրեն Պետրոսյանի՝ միայն բողոքի, ընդվզումի ճանապարհով է հնարավոր հասնել խնդրի լուծման։ 

Նշենք, որ Պետրոսյանն արդեն տևական ժամանակ է՝ Ոսկեպարում է և մասնակցում է տավուշցիների բողոքի ակցիաներին:

«Միայն այս ճանապարհով է հնարավոր խնդիրը լուծել։ Ոչ թե Երևանում, այլ այստեղից է սկսվելու գործընթացը։ Կնիքը դրվելու է Երևանում, բայց գործընթացն սկսվելու է այստեղից։ Սա միակ ճանապարհն է»,-ասաց Պետրոսյանը։

Նրա խոսքով՝ այս ճգնաժամային պահին չեզոքություն պահպանելը, դիրքորոշում չհայտնելը անթույլատրելի է, և բողոքի ալիքը պետք է մեծանա:

«Յուրաքանչյուրն իր վարքով պիտի ցույց տա իր դիրքորոշումը, այլ ելք չկա։ Այստեղ խնդիր է լուծվում։ Եթե Երևանից այստեղ՝ 150 կմ, չեք կարող անցնել, գալ, ուղղակի իրավունք չունեք ընդհանրապես խոսելու պետությունից ու հայրենիքից, եթե այլընտրանք չեք առաջարկում»։

Պետրոսյանը կոչ արեց ինքնակազմակերպվել, այլ տեղերում էլ ճանապարհներ փակել։ Նա հավաստիացրեց, որ եթե կարողանան այլ տեղերում էլ ինքնակազմակերպվել, պարալիզացնել ճանապարհները, ապա այս գործընթացը 1-2 շաբաթվա ընթացքում իր ավարտին կհասնի:

  • Կիսվել: