Պետք է ստեղծել բարեփոխումների հետագա շարունակականության երաշխիք. Վարչապետ
Նույնիսկ այս դժվար ժամանակներում, սակայն, պետք է ստեղծել բարեփոխումների հետագա շարունակականության երաշխիք։ Ընդ որում՝ բարեփոխումների ընդգրկումն ու օրակարգը պետք է ընդլայնվի ի հայտ եկած նոր մարտահրավերների բերումով։ Այս մասին այսօր Կառավարության նիստում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Վարչապետն իր խոսքում կարևորեց տեղի ունեցածի պատճառների վերհանման, պարզաբանման կարևորության մասին։
«Ամենահրատապ խնդիրների լուծմանը զուգնընթաց, պետք է տեղի ունենա նաև կատարվածի պատճառների վերհանման, պարզաբանման և վերլուծության գործընթաց, և հայ հանրությունը պետք է հստակ պատասխաններ, թե ինչ է տեղի ունեցել և ինչու։ Ժողովուրդը պետք է հասու լինի ճշմարտությանը, և որոշումներ կայացնելու հնարավորություններ ունենա։ Ըստ այդմ մեր ամենակարևոր անելիքը, կառավարության ամենակարևոր անելիքը Հայաստանի Հանրապետության քաղաքացիների սեփական երկրի և իրավիճակի տերը լինելու զգացողության և փաստի պահպանումն է և այս հանգամանքի ինստիտուցիոնալ հզորացումը։ ՀՀ քաղաքացին պետք է վստահ լինի, որ ինքն է իրավիճակի իրական տերը և այս զգացողության վրա պետք է կառուցի իր ապագան։ Նաև ժողովուրդը պետք է որոշի, թե այդ ապագան ում հետ պետք է կառուցի և այդ ապագայի կառուցման գործում ով ինչպիսի դերակատարում պետք է ունենա»,- ասաց նա և փաստեց, որ հայ ժողովրդի, Հայաստանի քաղաքացիների ստեղծարար ներուժը անսպառ է և իրենց առաջիկա ամենակարևոր անելիքը այդ ներուժի կենտրոնացումն է նոր ապագայի կառուցման գործի վրա։
«Մենք պիտի թույլ չտանք, որ այդ ապագայի հավատը սպանվի, և մեր ամենօրյա աշխատանքը պետք է ուղղված լինի այդ հավատի ուժեղացմանը, ամրապնդմանը և զարգացմանը»,- եզրափակեց վարչապետը։