Պետք չէ, որ ամեն ինչ ինձ հետ համաձայնեցված լինի. Փաշինյանը` Սիմոնյանի հայտարարության մասին
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանգիստ է վերաբերվում Ստամբուլում ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի արած հայտարարությանը։ Այդ մասին նա ասաց ՀՀ կառավարության նիստից հետո` ճեպազրույցի ժամանակ։
«Պետք չէ, որ ամեն ինչ ինձ հետ համաձայնեցված լինի. ԱԺ նախագահը բարձրաստիճան պաշտոնյա է և կարող է դիրքորոշումներ, տպավորություններ արտահայտել, ձևակերպումներ անել»,– հայտարարեց Փաշինյանը` ավելացնելով, որ լրացուցիչ մեկնաբանության անհրաժեշտություն չկա։
Նա միայն ավելացրեց, որ Հայաստան–Թուրքիա հարաբերությունների վերաբերյալ և Ադրբեջանի, և Թուրքիայի հրապարակային հայտարարություններին ուշադիր հետևողները կարող են անել որոշակի հետևություններ, իսկ թե դրանք ինչքանով ուղիղ կամ դիվանագիտական ճանապարհներով կձևակերպեն, դա արդեն 2–րդական խնդիր է։
Ավելի վաղ հայտնել էինք, որ ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը Թուրքիայում` հայկական մամուլի ներկայացուցիչների հետ հանդիման ժամանակ ասել է, որ Ադրբեջանը, օգտագործելով իր լոբբիստական ազդեցությունը, խոչընդոտում է Թուրքիա–Հայաստան հարաբերությունների կարգավորման գործընթացին։



