հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Պայթյունավտանգ իրավիճակ չունենք․ պիտի ունենայինք 30 հազարից ավելի դեպք, բայց ունենք 27 հազար․ Թորոսյան

Պայթյունավտանգ իրավիճակ չունենք․ պիտի ունենայինք 30 հազարից ավելի դեպք, բայց ունենք 27 հազար․ Թորոսյան

Կորոնավիրուսի համատեքստում առնվազն պայթյունավտանգ իրավիճակ չունենք: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։

«Բոլոր կանխատեսումներով այժմ պիտի ունենայինք 30 հազարից ավելի դեպք, բայց ունենք 27 հազար, այսինքն՝ ինչ-որ չափով, միեւնույն է, կարողանում ենք զսպել վարակի տարածումը եւ կարծես թե ուղիղ գծի վրա ենք հունիսի կեսերից սկսած»,- ասաց նա:

Թորոսյանի խոսքով՝ այսօր առավոտյան տանը սպասող հաստատված ընդամենը 2 դեպք են ունեցել՝ ի տարբերություն երեկվա 20-ի, հետեւաբար այսօր իրավիճակը, ըստ նրա, ավելի լավ է, քան երեկ.

«Եվ այդ իրավիճակը ամեն օր փոխվում է, կոնկրետ դեպքերով մենք աշխատում ենք կոնկրետ լուծումներ տալ թեստավորման քանակի ավելացման, արագացման եւ նման քաղաքացիներին տանը բուժօգնություն ցուցաբերելու համար»:

Թորոսյանը տեղեկացրեց նաեւ, որ կորոնավիրուսով չզբաղվող հաստատություններում հատուկ բաժանմունքներ են առանձնացվում, որոնք կզբաղվեն այդ քաղաքացիներով, որոնց պատասխանները դեռ չեն եկել կամ բացասական են եկել, սակայն նրանք բուժօգնության կարիք ունեն:

Այդպիսի բ/կ-ների թվում է նաեւ Նորքի ինֆեկցիոնը եւ Այրվածքաբանության կենտրոնը. «Կարող են լինել հատուկենտ մարդիկ, որոնք կարող են այդ պահին զրկված լինել բուժօգնությունից, դրա համար կանք մենք, որ զբաղվում ենք այդ դեպքերով, անձամբ ես զբաղվում եմ»:

Հարցին՝ ինքը չի՞ պատրաստվում հրաժարական տալ, Արսեն Թորոսյանը բացասական պատասխան տվեց:

 

  • Կիսվել: