Պատրա՞ստ են ԱՄՆ-ը, Ֆրանսիան, ՌԴ-ն եւ ԵՄ-ն երաշխավորել Ադրբեջանի հետ կնքվելիք խաղաղության պայմանագրի կատարումը․ Մարուքյան
Ադրբեջանը, խախտելով 2020 թվականի նոյեմբերի 9-ին ստորագրված եռակողմ համաձայնագիրը, անցակետ է տեղադրել Լաչինի միջանցքում։ Թվիթերյան իր էջում գրել է Հայաստանի հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը.
«ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրները, ԱՄՆ-ը, Ֆրանսիան, Ռուսաստանը, ինչպես նաև ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ջոզեֆ Բորելը իրենց մտահոգություններն են հայտնել այս առնչությամբ։ Հետաքրքիր է, որ բոլոր այս 3 երկրները և ԵՄ-ն կողմերին կոչ են անում համաձայնության գալ և խաղաղության պայմանագիր կնքել։
Այստեղ մի կարևոր հարց է առաջանում, եթե Ադրբեջանը շարունակաբար խախտում է 2020 թվականի նոյեմբերի 9-ին ստորագրված հայտարարությունը, ապա որո՞նք են Հայաստանի երաշխիքները, որ չի խախտի նաև ստորագրված խաղաղության պայմանագիրը։ Պատրա՞ստ են միջազգային հանրության նույն անդամները՝ ԱՄՆ-ը, Ֆրանսիան, Ռուսաստանը, ԵՄ-ն երաշխավորել Ադրբեջանի հետ կնքվելիք խաղաղության պայմանագրի կատարումը»։



