Դավիթ Թադևոսյանն ԱՄՆ-ում հանդիպել է Սթենֆորդի և Բերքլիի համալսարաններում սովորող հայ ուսանողների հետ
Հայաստանի բարձր տեխնոլոգիական արդյունաբերության և արհեստական բանականության նախարար Դավիթ Թադևոսյանն ԱՄՆ կատարած աշխատանքային այցի շրջանակում Սթենֆորդի համալսարանում հանդիպել է Սթենֆորդի և Բերքլիի համալսարաններում սովորող հայ ուսանողների հետ։
Այդ մասին Դավիթ Թադևոսյանը գրել է «Ֆեյսբուք»-ի իր էջում։
«Քննարկել ենք Հայաստանի տեխնոլոգիական զարգացման հեռանկարները, արհեստական բանականության և գիտահետազոտական ոլորտների հնարավորությունները, ինչպես նաև հայ երիտասարդների մասնագիտական ներուժը Հայաստանի զարգացմանը ծառայեցնելու ուղիները։
Առանձնահատուկ անդրադարձել ենք Հայաստանում կարճաժամկետ մասնագիտական պրակտիկաների, հետազոտական համագործակցության և ուսումն ավարտելուց հետո Հայաստան վերադառնալու հնարավորություններին։
Աշխարհի առաջատար համալսարաններում սովորող հայ երիտասարդների գիտելիքն ու փորձը կարևոր ներուժ են Հայաստանի տեխնոլոգիական զարգացման համար։ Մեր նպատակն է ընդլայնել նրանց ներգրավվածության և համագործակցության հնարավորությունները»,- գրել է նախարարը։



