«Ուժեղ Հայաստանը» լքեց ԱԺ նիստերի դահլիճը
Ազգային ժողովում այսօր լարված իրավիճակ է ստեղծվել Ամենայն հայոց կաթողիկոսի հասցեին իշխանական պատգամավորների հայտարարություններից հետո։ Ընդդիմադիր «Ուժեղ Հայաստանի» պատգամավորները հարվածել են սեղաններին, իսկ ավելի ուշ՝ լքել նիստերի դահլիճը։
Ամեն ինչ սկսվել է այն բանից հետո, երբ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հասմիկ Հակոբյանը, քննադատելով ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության՝ ժողովրդավարության հետընթացի վերաբերյալ հայտարարության նախագիծը, Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդին անվանել է «կտրիճ Ներսիսյան»։
Ընդդիմադիրները սկսել են հարվածել սեղաններին։ Այդ պահին միջամտել է ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը՝ հայտարարելով, որ դեմ է որևէ պատգամավորի՝ ոչ վիրավորական արտահայտություններ օգտագործելու իրավունքի սահմանափակմանը։
«Ես դեմ եմ, որ որևէ պատգամավոր կաշկանդվի որևէ ոչ վիրավորական արտահայտություն արտաբերելուց», - ասել է Ռուբինյանը, ապա ինքն էլ սկսել է թվարկել կաթողիկոսի հասցեին մեղադրանքները։
«Կտրիճ Ներսիսյան, ԿԳԲ գործակալի եղբայր, կուսակրոնության ուխտը խախտած, կոռուպցիոներների պաշտպան, հազարամյա հայկական եկեղեցին կոռուպցիայի վահան դարձրած», - հայտարարել է ԱԺ փոխնախագահը։
Ռուբինյանի խոսքերի ընթացքում ընդդիմադիրները շարունակել են հարվածել սեղաններին, մինչդեռ իշխանական պատգամավորները ծափահարել են նրան։
Լարվածությունը շարունակվել է, երբ Հասմիկ Հակոբյանն անդրադարձել է օրերս «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում մահացած ընդդիմադիր գործիչ Արսեն Գևորգյանին։
«Ամենաստոր ձևով շահարկել եք մահացած գործընկերոջ մարմինը և քաղաքական մանրադրամ դարձրել նրա անունն ու մահը», - հայտարարել է ՔՊ-ական պատգամավորը։
Հենց այս խոսքերի ընթացքում ընդդիմադիր պատգամավորները սկսել են լքել նիստերի դահլիճը։
Բանավեճը ծավալվել է «Հայաստան» խմբակցության հեղինակած՝ Հայաստանում ժողովրդավարության հետընթացի, քաղաքական հետապնդումների և դրանց ենթարկվող անձանց իրավունքների պաշտպանության վերաբերյալ հայտարարության նախագծի քննարկման ժամանակ։
Իշխող «Քաղաքացիական պայմանագիրը» դեմ է քվեարկել նախաձեռնությանը։ Արդյունքում նախագիծը 54 դեմ, 33 կողմ ձայներով չի ընդգրկվել Ազգային ժողովի օրակարգում։



