շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Պատմությունը շատ հստակ արձանագրելու է՝ ով է հայրենիք ազատագրել և ով է հանձնել մեր հայրենիքը․ Տիգրան Աբրահամյան

Պատմությունը շատ հստակ արձանագրելու է՝ ով է հայրենիք ազատագրել և ով է հանձնել մեր հայրենիքը․ Տիգրան Աբրահամյան

Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Հայաստանի ու Ադրբեջանի միջև սահմանազատման և սահմանագծման գործընթացը մտնում է գործնական փուլ, և այն կարող են սկսել Բաղանիսից Բերքաբեր ընկած հատվածում: Այս մասին այսօր ԱԺ հայտարարությունների ժամին ասաց  «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը․

«Առաջին հարցը, որն առաջանում է, հետևյալն է՝ իսկ ի՞նչ փաստաթղթերի և քարտեզների վրա է իրականացվելու այս գործընթացը: Ինչո՞ւ եմ սա ասում, որովհետև մինչև հիմա էլ ՀՀ տարբեր պաշտոնյաներ նշում էին, որ բանակցությունների հիմնական հակասություններից մեկը, որն արտացոլված է նաև ադրբեջանական իշխանությունների պաշտոնական հայտարարություններում, վերաբերվում է սահմանների ճշգրտման տակ դրվող քարտեզներին և իրավական բազային:

Հիմա, եթե այս հարցում չկա դիրքորոշումների ներդաշնակեցում կամ, պարզ ասած, համաձայնություն, ապա ինչի՞ հիման վրա է իրականացվելու  4 գյուղերի, հիսկ հետագայում՝ 4 անկլավների հանձնման գործընթացը:

Երկրորդը՝ Հայաստանի իշխանությունը վերջին փուլում Ադրբեջանի պահանջած 4+4 գյուղերի թեմայի համատեքստում խոսում էր Ադրբեջանի օկուպացրած հայկական տարածքների մասին, սակայն հիմա, երբ խոսվում է գործնականում քայլեր ձեռնարկելու մասին, չգիտես թե ի՞նչ տրամաբանությամբ, հանձնման, ճշգրտման գործընթացը տեղի է ունենում միակողմանի՝ զիջում է Հայաստանը»,- ընդգծեց պատգամավորը՝ հավելելով՝ 2-3 տարի առաջ Հայաստանի իշխանությունն Ադրբեջանի օկուպացված տարածքներից դուրս գալը որպես բանակցությունների վերսկսման նախապայման էր առաջադրում, հետո կրկին նահանջեց, իսկ Ադրբեջանն իր ագրեսիվ քաղաքականության տեմպը բարձրացրեց:

«Փաշինյանը նաև ասում է, թե իր քաղաքականությունն այն է, որ պետք է պատերազմ թույլ չտանք՝ ակնարկելով այն հանգամանքը, որ Ադրբեջանն իր հետ սպառնալիքի լեզվով է խոսում, ինքն էլ ստիպված հասարակության է շանտաժի ենթարկում: 

Եթե հիմքն այն է, որ ամեն ինչ տանք, որ պատերազմ չսկսի, ապա հանրությունը լավ գիտի ու տեսել է, որ տարբեր շրջափուլերում այդ սկզբունքը չի աշխատել և նույնիսկ միակողմանի զիջումներից հետո Ադրբեջանը չի հանգստացել ու գնացել է ագրեսիայի»,- խոսքը շարունակեց Տիգրան Աբրահամյանը:

Ընդդիմադիր պատգամավորը շեշտեց՝ Փաշինյանն իր  հրապարակային խոսքի հիմքում այս սկզբունքը դնելով՝ իր թուլությունն է ի ցույց դնում նաև թշնամուն՝ նրան նոր խաղաքարտ տալով ու անընդհատ շանտաժի մղելով:

«Իշխանությունը երկրի ներսում, այդ թվում՝ այս դահլիճում, խոսում է հոխորտանքների, վիրավորանքների և սպառնալիքների լեզվով, իսկ երբ խոսքը հասնում է բանակցային գործընթացին և Ադրբեջանի սպառնալիքներին պատասխանելուն, ապա խոնարհ, ստորացված, անտրտունջ, կուչ եկած կեցվածքում է:

Եվ որպես հետգրություն՝ ինչ վերաբերում է հայկական և հակահայ ուժերին, ապա և՛ այստեղ, և՛ այս դահլիճից դուրս գտնվող գործիչների, առաջնորդների, ուժերի քաղաքական հետագիծը բոլորի առաջ է եղել, և պատմությունը շատ հստակ արձանագրելու է՝ ով է հաղթել, ով է հայրենիք ազատագրել և ով է զիջել, ով է հանձնել մեր հայրենիքը»,- ընդգծեց Տիգրան Աբրահամյանը։

  • Կիսվել: