երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
«Պատիվ ունեմ»–ը բոյկոտել է այսօրվա նիստը. Թովմասյան

«Պատիվ ունեմ»–ը բոյկոտել է այսօրվա նիստը. Թովմասյան

Սա ուղղակի խայտռակություն է՝ ամեն անգամ ինչ-որ առիթ փնտրել և ԱԺ նիստերը վերածել փողոցային խուլիգանական գործընթացի։ Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասաց պատգամավոր Թագուհի Թովմասյանը՝ անդրադառնալով ԱԺ դահլիճում տեղի ունեցած միջադեպին։

«Ես, օրինակ, շատ անհարմար եմ զգում այս դահլիճ մտնել, որովհետև ամեն անգամ մտնում ես ու չգիտես՝ այս դահլիճում քեզ ինչ է սպասվում: Ես ամաչում եմ, որ ուղիղ եթերում մարդիկ ստիպված են լսել փողոցային բառապաշարի կիրառում ԱԺ պատգամավորների կողմից: Սա ուղղակի անընդունելի է։ Դուք ուղղակի դեռ չեք լսել, թե ինչ էր տեղի ունենում այն ժամանակ, երբ ընդմիջում էր հայտարարվում: Իշխանական պատգամավորներն անթաքույց սպառնալիքներ, վիրավորանքներ էին հասցնում ընդդիմության հասցեին», - ասաց Թովմասյանը:

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցությունը, ի նշան բողոքի, չի մասնակցի այսօրվա նիստին, իսկ մյուս օրերի մասով դեռ որոշում կկայացնի։ Այս մասին Ազգային ժողովում լրագրողներին ասաց Ազգային ժողովի անկուսակցական պատգամավոր Թագուհի Թովմասյանը։

«Մենք չենք կարող հանդուրժել այսպիսի իրավիճակը, և ուզում եմ նկատել, որ այս լարվածությունը, ըստ էության, Աժ նախագահից սկսվեց, ինքը սկսեց վիրավորել Սեյրան Օհանյանին, հետո ի նշան բողոքի դուրս եկավ նիստերի դահլիճից, ինչից ոգևորված ՔՊ–ականները սկսեցին փողոցային լեքսիկոնը գործի դնել, սա անհարիր է խորհրդարանին, խորհրդարանի պատգամավորին։ Մենք լուրջ մտածելու խնդիր ունենք»,–ասաց Թովմասյանը։

Պատգամավորը հայտնեց, որ Աժ–ում սկսված լեզվակռվից հետո հայտարարված ընդմիջմանը սկսվել են իշխանական պատգամավորների կողմից անթաքույց սպառնալիքները, վիրավորանքները ընդդիմադիրների հասցեին։

«Մենք երկար ժամանակ բոյկոտում էինք խորհրդարանի աշխատանքները, և օրումեջ իշխանական պատգամավորները խնդրում էին գալ նիստերի դահլիճ։ Հիմա գալիս ենք ու սկսում են մարդկանց վիրավորել։ Սա աշխատանքի մթնոլորտ չէ, մեր երկիրը առանց այդ էլ ունի լրջագույն խնդիրներ, սա երկար շարունակվել չի կարող»,–նշեց նա։

  • Կիսվել: