ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Պատգամավորը լուծում է առաջարկել Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի հետ կապված փակուղուց դուրս գալու համար

Պատգամավորը լուծում է առաջարկել Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի հետ կապված փակուղուց դուրս գալու համար

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովում ստեղծված փակուղային իրավիճակին լուծում տալու համար ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սուրեն Գրիգորյանը առաջարկում է փոխել մրցութային խորհրդում անդամի նշանակման կարգը:
 
Հիշեցնենք՝ ԱԺ խմբակցություններին արդեն տևական ժամանակ չի հաջողվում Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի ընտրության համար ձևավորվող մրցութային խորհրդում կոնսենսուսով անդամ նշանակել: ԱԺ իշխանական խմբակցության պատգամավորը առաջարկում է «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքում լրացում կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը, որը երկրորդ ընթերցմամբ քննարկման համար ներկայացվեց ԱԺ այսօրվա նիստում։
 
Պատգամավորն հիշեցրեց, որ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի ընտրության համար ձևավորվող մրցութային խորհուրդը կազմավորելու համար, գործող օրենքի համաձայն նաև ԱԺ-ի կողմից պետք է անդամ նշանակվի: Գործող կարգավորմամբ այդ անդամը պետք է նշանակվի խմբակցությունների կոնսենսուսով:
 
Սակայն դրան չի հաջողվում հասնել արդեն տևական ժամանակ: Գրիգորյանի նախագծով ի սկզբանե նախատեսվել էր, որ այդ իրավունքն անցնի ԱԺ նախագահին: Սակայն հետագայում քննարկումների արդյունքում երկրորդ ընթերցմամբ քննարկմանը ներկայացվել է այլ կարգավորում:
 
«Որպեսզի ԱԺ նախագահի կողմից միանձնյա որոշում չկայացվի, նախատեսվել է հետևյալ մեխանիզմը՝ կոնսենսուսով նշանակում, իսկ եթե դա չի հաջողվում, ապա այդ խորհրդում ներկայացուցիչը նշանակվում է ԱԺ խորհրդի կողմից»,-ներկայացրեց պատգամավորը: Փոփոխությունների արդյունքում, ըստ պատգամավորի, տրվել են ընդհանրական ձևակերպումներ: Արդյունքում նախատեսվել է մեխանիզմ, որ ոչ միայն Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովում, այլ առհասարակ ինքնավար մարմիններում, երբ անդամ նշանակելու համար կձևավորվի մրցութային խորհուրդ, և կնախատեսվի, որ ԱԺ-ի կողմից պետք է լինի ներկայացուցիչ, կգործի այս մեխանիզմը:

  • Կիսվել: