ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Պատգամավորներն առաջարկում են խիստ պատիժներ սահմանել կեղծ սննդամթերք արտադրելու ու իրացնելու համար

Պատգամավորներն առաջարկում են խիստ պատիժներ սահմանել կեղծ սննդամթերք արտադրելու ու իրացնելու համար

Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության մի քանի պատգամավորներ առաջարկում են կոշտ պատասխանատվության ենթարկել կեղծ սննդամթերք իրացնելու համար։ Քրեական օրենսգրքում կատարվող փոփոխությունները այսօր Ազգային ժողովի Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովում ներկայացրեց ԱԺ պատգամավոր Արթուր Դավթյանը։

Նա ընդգծեց, որ կատարվող փոփոխությունները նաև բխում են վերջին շրջանում ալկոհոլային թունավորման դեպքերից։ Հիշեցնենք՝ ալկոհոլային թունավորման հետևանքով 17 մարդ է մահացել։

Պատգամավորի խոսքով, Քրեական օրենսգիրքը, ճիշտ է, քրեական պատասխանատվություն սահմանում է կեղծ ալկոհոլ արտադրելու, տարածելու համար, բայց կեղծ սննդամթերքի դեպքում դաշտը բաց է։

Այսպես, Քրեական օրենսգրքում առաջարկվող փոփոխություններով, կեղծ սննդամթերք իրացնելը կամ արտադրելը պատժվում է տուգանքով նվազագույն աշխատավարձի 200-ապատիկից 500-ապատկի չափով, իսկ եթե այդ արարքը մարդու առողջությանը պատճառում է միջին ծանրության վնաս, պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի 500-ապատակից 1000-ապատիկի չափով կամ ազատազրկմամբ՝ առավելագուննը 2 տարի ժամկետով։ Իսկ մահ առաջացնելու դեպքում պատժվում է ազատազրկմամբ 3-5 տարի ժամկետով։

«Կարծում ենք այս խիստ պատժամիջոցները հիմք կհանդիսանան, որ կեղծ սննդամթերք չի արտադրվի, ու Հայաստանում արտադրվող սննդամթերքի որակը կբարձրանա», -հստակեցրեց պատգամավորը։

Պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը առաջարկեց ավելի խստացնել առաջարկվող պատիժները, ինչին օրինագծի հեղինակներից Արթուր Դավթյանը չառարկեց։

Կառավարությունը սակայն, պատգամավորի այս նախաձեռնությանը դեմ է։

«Մենք կարծում ենք, առաջարկվող հարցի որոշ հատված արդեն իսկ կարգավորված է Քրեական օրենսգրքով։ Խոսքը սպառողներին խաբելու ու թյուրիմացության մեջ գցելու մասին հոդվածն է։ Ինչ վերաբերում է կեղծ սննդամթերքին, ապա Սննդամթերքի անվտանգության մասին օրենքում կա ձևակերպում, որի համաձայն, սննդամթերքը կեղծ է համարվում, երբ բաղադրությունը մակնշմանը չի համապատասխանում։ բերեմ մի օրինակ՝ եթե կաթնամթերքի յուղայնությունը 2,6 տոկոս է, սակայն մակնշման վրա գրված է 2,5 տոկոս յուղայնություն, ապա Ձեր ներկայացրած առաջարկի հիման վրա քրեական պատասխանատվության պետք է ենթարկվի տնտեսվարողը։ Մենք կարծում ենք, որ քրեաիրավական ներգործությունը տնտեսական հարաբերությունների վրա շատ խիստ է ու հիմնավորված չէ», -ներկայացրեց արդարադատության փոխնախարար Վահե Դանիելյանը։

Հանձնաժողովի նիստը նախագահող Վլադիմիր Վարդանյանը հայտարարեց, որ ներկայացված նախագիծը կարող է լինել չափազանց լավ օրինակ բարձրացնելու հայկական արտադրության որակը, կանխարգելել կեղծ արտադրանքի ներմուծումը և ստեղծել մի իրավիճակ, երբ հայկական արտադրանքը իր որակով տեղ կգտնի եվրոպական շուկայում։

Հանձնաժողովի նիստում որոշվեց հնարավորություն տալ օրինագծի հեղինակներին լայն առաջարկներով փոփոխություններ, լրացումներ կատարել նախագծում ու հետո միայն ներկայացնել հանձնաժողովի դատին։

  • Կիսվել: