շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Ընտրախախտումները պետք է բացառվեն․ ԱԺ-ն քննարկեց  ընտրական գործընթացների օրինականության բարձրացմանը նպաստող օրենքի նախագիծը

Ընտրախախտումները պետք է բացառվեն․ ԱԺ-ն քննարկեց ընտրական գործընթացների օրինականության բարձրացմանը նպաստող օրենքի նախագիծը

 ՀՀ ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունելու համար քննարկեց ընտրական գործընթացների օրինականության բարձրացմանը նպաստող օրենքի նախագիծը: 

Օրենսդրական փաթեթով առաջարկվում է պատասխանատվություն նախատեսել բոլոր այն դեպքերի համար, երբ ընտրական գործընթացի խոչընդոտման արդյունքում տեղամասում քվեարկության արդյունքներն անվավեր են ճանաչվում: Նախագծով առաջարկվում է նախընտրական քարոզչության խոչընդոտման, տեղամասային կենտրոնում կամ տեղամասի մուտքի մոտ բռնություն գործադրելու կամ դրա սպառնալիքի համար ևս նախատեսել քրեական պատասխանատվություն:

«Ստեղծված իրավիճակում, երբ հնարավոր է, որ զարգացումներն այնպես ընթանան, որ Ընտրական օրենսգրքի մեծ փաթեթը առաջիկա արտահերթ ընտրությունների մասով չկարողանա ուժի մեջ մտնել, այսինքն՝ կիրառելի չլինել, բոլոր այն փոփոխությունները, որոնք խիստ անհրաժեշտ են, որպեսզի մինչև գալիք արտահերթ ընտրությունների մեկնարկը իրականացվեն, դրանք ուղղակի առանձին նախագծի տեսքով առանձնացվեցին։ Եվ այսօր մենք հրատապության կարգով դա քննարկում ենք։ Բայց այս բոլոր առաջարկությունները, նախագծերում բերված մոտեցումները արդեն մի քանի ամիս է՝ քննարկվում են»,- ասաց նախագիծը ներկայացնող պատգամավոր Վահագն Հավակիմյանը։

Այս նախագծերով նախատեսվում է, որ եթե ընտրական գործընթացի խոչնդոտում է տեղի ունենում, որպես ծանրացուցիչ նորմ է նախատեսվում տեղամասի արդյունքների անվավեր ճանաչումը։ «Օրինակ՝ եթե քվեարկության ամփոփման ժամանակ տեղի է ունենում խոչընդոտում, և այդ խոչընդոտման հետևանքով հետագայում այդ տեղամասում քվեարկության արդյունքները ճանաչվում են անվավեր, խոչընդոտողներն ավելի խիստ պատասխանատվության պետք է ենթարկվեն, քան այն դեպքերում, երբ ուղղակի տեղի է ունենում խոչընդոտում, բայց դա չի ազդում քվեարկության արդյունքների վրա»,- ասաց նա։

  • Կիսվել: