կիրակի, նոյեմբեր 22
22 / 11 / 2026
Պատերազմի սպառնալիքը միշտ էլ կա, բայց չեմ կարծում, թե հիմա մարտական գործողություններ կլինեն. Սեյրան Օհանյան

Պատերազմի սպառնալիքը միշտ էլ կա, բայց չեմ կարծում, թե հիմա մարտական գործողություններ կլինեն. Սեյրան Օհանյան

Թեև պատերազմի սպառնալիք միշտ էլ կա, բայց մարտական գործողություններ դժվար թե լինեն։ Այս մասին այսօր կարծքի հայտնեց «Հայաստան» խմբակցության ղեկավար, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը։

«Այս մեկ տարվա ընթացքում լիարժեք գնահատական չի տրվել այն բոլոր ուղղություններին, որոնք անհրաժեշտ են մեր երկրի հետագա զարգացումն ապահովելու համար: Անվտանգային միջավայրի գնահատում, ներքին ու արտաքին սպառնալիքների գնահատում, և ռազմավարական վերանայում՝ մեր երկրի կարևոր ուղղությունների ռազմավարությունը մշակելու համար. այսօրվա իշխանությունն այդ հարցերին ոչ լիարժեք, մանիպուլացված պատասխաններ է տալիս»,-ասաց Օհանյանը:

Նա նշեց, թե ԱԺ վերջին քառօրյայի ընթացքում քննարկված հարցերը ցույց տվեցին, որ իշխանությունը չի գտնում այն կարևոր առաջնահերթությունները, որոնց ուղղությամբ պետք է իրականացնի իր հիմնական աշխատանքը:

Հարցին՝ իշխանափոխության պլաններն ինչպե՞ս են իրագործելու, շարունակո՞ւմ են պահանջել Փաշինյանի հրաժարականը, ընդդմիադիր խմբակցության ղեկավարն արձագանքեց, թե ակնհայտ է, որ վերջին պատերազմում պարտությունից հետո ՀՀ իշխանությունները գտնվում են պարտադրանքի և թելադրանքի ներքո, հատկապես միջազգային հարթության մեջ:

«Այս պատերազմը արդյունք է ոչ միայն Ադրբեջանի կողմից սանձազերծած ոտնձգության, այլ այն պարտվողական քաղաքականության, որ իրականացվել է 2018-ից սկսած: Ձախողվել է արտաքին քաղաքականությունը, չի օգտագործվել բանակցային ամբողջ ներուժը, հարվածի տակ են գտնվել բանակը, անվտանգության համակարգը, և Ադրբեջանը, օգտվելով այս իրավիճակից, սկսել է պատերազմական գործողություններ: Այսօրվա ձախողումների շարունակությունը այս իշխանությունների առկայության, նրանց ոչ գրագետ, ոչ հետևողական աշխատանքի հետևանք է, և ամեն օր դա տեսնում ենք սահմանային իրավիճակում»,-ասաց նա նշելով, թե «Հայաստան» դաշինքի, խմբակցության նպատակների մեջ է այն, որ ՀՀ ղեկին պետք է լինի նոր իշխանություն, որը կարող է բանակցել և օգտագործել այն ամբողջ ներուժը, որ 27-30 տարիների ընթացքում մենք ձեռք ենք բերել:

Անդրադառնալով սահմանային իրավիճակին՝ Օհանյանը նշեց. «Ես կարծում եմ՝ պատերազմի սպառնալիքը միշտ էլ կա, բայց այս իրավիճակում, մոտ ժամանակահատվածում, կարծում եմ, մարտական գործողությունները դեռևս հեռանկարային են, չեմ կարծում, թե հիմա պատերազմ կլինի»:

 

  • Կիսվել: