շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
Պաշտպանները Մամիկոն Ասլանյանին ազատ արձակելու միջնորդություն ներկայացրին

Պաշտպանները Մամիկոն Ասլանյանին ազատ արձակելու միջնորդություն ներկայացրին

Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի Սպիտակի նստավայրում՝ նախագահութամբ դատավոր Մարտին Արզումանյանի, այսօր՝ հունիսի 10-ին, Վանաձորի նախկին համայնքապետ Մամիկոն Ասլանյանի, Սուրեն Աբովյանի, Արեւհատ Հովհաննիսյանի գործով առաջին դատական նիստին պաշտպաններն Ասլանյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանքը վերացնելու մասին միջնորդություն ներկայացրին։

Գործով մեղադրող դատախազը միջնորդության դեմ առարկեց, նշելով, որ Ասլանյանն ազատության մեջ գտնվելով, կարող է քրեական գործի քննությանը խոչընդոտել։

Պաշտպաններից Երվանդ Վարոսյանը պնդեց, որ Ասլանյանն առանց հիմքի է կալանքի տակ գտնվում։

Անդրադառնալով հողատարածքի վերաբերյալ Ասլանյանին առաջադրված մեղադրանքին՝ Վարոսյանն ընդգծեց, որ այդ գործընթացները կատարվել են օրինական։ Ըստ նրա՝ եթե անգամ անօրինական է կատարվել, ապա այն պետք է քննվեր Վարչական դատարանում։

Եդվանդ Վարոսյանն ասաց, որ նախաքննության ընթացքում արդեն իսկ նշվել է, որ Ասլանյանն այդ գործընթացի վերաբերյալ որեւէ շահագրգռվածություն չի ունեցել։

«Մամիկոն Ասլանյանը քրեական գործի հարուցման ժամանակ հանդիսանալով Վանաձորի համայնքապետ, չի խոչընդոտել գործի քննությանը, արդյո՞ք հիմա կանի»,- ասաց պաշտպանը։ Նա նաև ընդգծեց, որ համայնքի ղեկավար լինելը հիմք չէ, թե նա կխոչընդոտի գործի քննությանը։

Նշենք, որ այս պահին դատարանի բակում են հավաքվել մեծ թվով քաղաքացիներ ի աջակցություն՝ Մամիկոն Ասլանյանի։

Մամիկոն Ասլանյանին մեղադրանք է առաջադրվել պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, պաշտոնեական լիազորություններն անցնելու, պաշտոնեական կեղծիքի հատկանիշներով։

  • Կիսվել: