երեքշաբթի, մայիս 14
14 / 5 / 2024
Փաշինյանը տեղյակ է Սյունիքում սպասվող զարգացումների մասին․ Թևանյանը ուսանողներին դասադուլի կոչ արեց

Փաշինյանը տեղյակ է Սյունիքում սպասվող զարգացումների մասին․ Թևանյանը ուսանողներին դասադուլի կոչ արեց

«Մայր Հայաստան» դաշինքի առաջնորդ Անդրանիկ Թևանյանը և մի խումբ երիտասարդներ իրազեկման ակցիա են իրականացնում բուհերում։ Պոլիտեխնիկի բակում՝ դիմելով ուսանողությանը, Անդրանիկ Թևանյանը կոչ արեց դասադուլ իրականացնել։

«Հարգելի՛ ուսանողներ, ՀՀ-ի գոյությունը վտանգված է, ձեզ խաբում է Նիկոլ Փաշինյանը՝ հավաստիացնելով և անբարոյական առաջարկ անելով, որ Արցախը հանձնելով՝ փրկվելու է Հայաստանը։

Արցախն այսօր դատարկվում է, հայաթափվում է Նիկոլ Փաշինյանի, Ալիևի ու Էրդողանի համատեղ գործողությունների արդյունքում։ Բայց դրանով հայկական ողբերգությունը ոչ թե ավարտվում է, այլ նոր է սկսվում։ Ուսանողությունը պետք է դասադուլ անի, տեր կանգնի իր հայրենիքին և հասկանա, որ հաջորդը հարվածի տակ է հայտնվում Սյունիքը։

Նախիջևանում Էրդողանն ու Ալիևը արդեն պայմանավորվել են, որ պետք է Սյունիքի հարցը լուծեն։ Նիկոլ Փաշինյանը շատ լավ գիտի այդ մասին, բայց ցույց է տալիս, որ իբր պայքարում է ինքնիշխանության համար։ Ինչպես որ Արցախում տեղի ունեցածի մասով  Էդողանը հայտարարեց, որ Նիկոլ Փաշինյանը տեղյակ էր, այնպես էլ համոզված եղեք, որ նա տեղյակ է Սյունիքից սպասվող զարգացումների մասին։

Մեր խնդիրը պետք է լինի թույլ չտալ, որպեսզի թուրք-ադրբեջանական ծրագիրը իրականանա, իսկ դրա համար անհրաժեշտ է իշխանափոխություն Հայաստանում, որպեսզի մենք կարողանանք մեր բնական դաշնակիցների՝ Իրանի և Ռուսաստանի հետ հարաբերությունները կարգավորել  և թույլ չտալ ՀՀ-ի կործանում»,- ասաց նա։

Թևանյանը հորդորեց ուսանողներին՝ դիմել դասախոսներին մասնակցել պայքարին և դուրս գան փողոց։

  • Կիսվել: