ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Փաշինյան-Պուտին հանդիպման ժամանակ նոր փաստաթուղթ չի քննարկվել. Մանե Գևորգյան

Փաշինյան-Պուտին հանդիպման ժամանակ նոր փաստաթուղթ չի քննարկվել. Մանե Գևորգյան

Վարչապետի մամուլի քարտուղարը վստահեցնում է, որ 2020 թ. նոյեմբերի 9-ին և 2021թ. հունվարի 11-ին ստորագրված եռակողմ՝ Հայաստան-Ռուսաստան-Ադրբեջան, փաստաթղթերից բացի այլ փաստաթուղթ չի քննարկվել նախօրեին կայացած Փաշինյան-Պուտին հանդիպմանը:

Հիշեցնենք, որ երեկ ՌԴ նախագահ Վ.Պուտինի հետ հանդիպումից հետո Նիկոլ Փաշինյանը հանդիպել էր «Հայ իրավաբանների ասոցիացայի» մի քանի տասնյակ անդամների հետ, որի ժամանակ հայտարարել էր. «փաստաթուղթ չենք ստորագրել, բայց խոսել ենք մի շարք փաստաթղթերի մասին, այդ թվում` անվտանգային ոլորտի, նախկինում ստորագրված փաստաթղթերի հետագա իրագործման մասին»:

Վարչապետի խոսնակից «Փաստինֆո»-ն փորձեց պարզել՝ ի՞նչ նոր փաստաթղթի մասին է խոսքը և արդյո՞ք բացի հանրությանը հայտնի եռակողմ երկու հայտարարություններից, մշակվում է որևէ այլ փաստաթուղթ.

«Խոսքը նոյեմբերի 9-ի և հունվարի 11-ի եռակողմ հայտարարությունների մասին է, դրանից զատ որևէ այլ բան չի քննարկվել: Վարչապետը իր խոսքում նշել է, որ որևէ նոր փաստաթուղթ չկա, դրա մասին խոսք անգամ չի գնացել»,-ասաց Մանե Գևորգյանը:

«Փաստինֆո»-ն փորձեց մեկնաբանություն ստանալ նաև ԱԳՆ-ից, որտեղից հրաժարվեցին որեւէ մեկնաբանություն տալ. «Քանի որ խոսքը գնում է վարչապետի այցի և իր կողմից բարձրացված օրակարգային հարցերի մասին, կխնդրենք այդ հարցով դիմել վարչապետի համապատասխան գրասենյակ»,-մեզ հետ զրույցում ասաց ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը:

  • Կիսվել: