ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Փառուխի և Քարագլխի խնդիրն առանցքային է․ Ադրբեջանը հասկացնում է, որ իր համար ՌԴ-ն հեղինակություն չէ. Աբրահամյան

Փառուխի և Քարագլխի խնդիրն առանցքային է․ Ադրբեջանը հասկացնում է, որ իր համար ՌԴ-ն հեղինակություն չէ. Աբրահամյան

Ասկերանի շրջանի Փառուխ գյուղի և Քարագլուխ լեռնաշղթայի խնդիրն առանցքային նշանակության հարց է։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։

«Թեև այսօր ՌԴ ԱԳ նախարարը թեման կապեց ՀՀ-ի ու Ադրբեջանի միջև ընթացող դելիմիտացիայի գործընթացի հետ, բայց խնդիրը դրանով ոչ միայն չի կարգավորվում, այլ բազմաթիվ հարցադրումներ թողնում է օդում կախված։

Ովքեր տեղյակ չեն Քարագլխի լեռնաշղթայի նշանակությունից, ասեմ, որ եթե մի փոքր էլ ադրբեջանցիները զարգացնեն իրենց առաջխաղացումը, ապա Արցախի Մարտակերտի շրջանն ամբողջությամբ կմեկուսանա, իսկ Ասկերանի շրջանի հիմնական հատվածը խիստ արգելափակման կենթարկվի։

Սա միանշանակ 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության խախտում է՝ ճիշտ այնպես, ինչպես պատերազմի ավարտից մեկ ամիս հետո եղավ Հադրութի շրջանի Հին Թաղեր և Խծաբերդ գյուղերի դեպքում։

Ադրբեջանը պարզորոշ հասկացնում է, որ իր համար հեղինակություն, ի դեմս ՌԴ-ի, չկա։ Դա էր պատճառը, որ Փառուխի ուղղությամբ ադրբեջանական ներխուժումից օրեր անց ՌԴ-ն կոշտ արձագանքեց՝ հայտարարելով, որ Ադրբեջանը պետք է հետ քաշվի։

Դրանից հետո իրադրությունը մարտական գործողությունների և ադրբեջանական զորքերի առաջխաղացման առումով դադարեցվեց, սակայն ադրբեջանցիները ելման դիրքեր այդպես էլ չվերադարձան։

Արցախի պաշտպանության բանակն ու Արցախի անվտանգության համար պատասխանատու կառույցները պետք է պատրաստ լինեն ադրբեջանական ոտնձգություններին, որոնք տարբեր իրավիճակներում կարող են կրկնվել»,- գրել է Աբրահամյանը։

Հիշեցնենք, որ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լարովը, իր հայ գործընկեր Արարատ Միրզոյանի հետ հանդիպումների արդյունքներով, մեկնաբանել է ղարաբաղյան Փառուխ գյուղի հետ կապված իրավիճակը։

Երեւանում կայացած մամուլի ասուլիսում ՌԴ նախարարը, պատասխանելով գյուղի մասին հարցին, նշել է, որ այդ խնդիրը ռուս զինվորականների համար, եւ հայ բարեկամները դա գիտեն, առաջնահերթ խնդիրներից մեկն է։

Լավրովի խոսքով, կա որոշակի արդյունք, որը դեէսկալացիայի հետ է կապված։ Ըստ նրա, այս հարցը կդիտարկվի եւ կլուծվի սահմանազատման աշխատանքների շրջանակներում։

Նշենք նաև, որ Ադրբեջանի ԱԳՆ մամուլի քարտուղար Լեյլա Աբդուլաևան արձագանքել է Արցախի Փառուխ գյուղի և պետական ​​սահմանի սահմանազատման մասին Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հայտարարությանը:

Նա, մասնավորապես, ասել է. ՛՛Ցանկանում ենք նշել, որ Ադրբեջանի և Հայաստանի կողմից ստեղծված սահմանազատման հանձնաժողովների գործունեությունը նպատակ ունի սահմանազատել երկու երկրների պետական ​​սահմանը, ինչպես նախատեսված էր ավելի վաղ։ Այդ գործընթացը չի նախատեսում որևէ հարցի քննարկում ադրբեջանահայկական պետական ​​սահմանից դուրս, այդ թվում՝ Ադրբեջանի Հանրապետությունում՝ ՌԴ խաղաղապահ կոնտինգենտի կողմից վերահսկվող տարածքում՛՛։

 

  • Կիսվել: