կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
Պահպանել հակահրդեհային կանոնները. վարչապետը հորդորով դիմեց քաղաքացիներին

Պահպանել հակահրդեհային կանոնները. վարչապետը հորդորով դիմեց քաղաքացիներին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում հորդորեց ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությանն ակտիվացնել հակահրդեհային կանոնների իրազեկման աշխատանքները: Վարչապետ Փաշինյանը նկատեց, որ օդի ջերմաստիճանի զգալի բարձրացմամբ վտանգավոր իրավիճակ է ստեղծվել ու այդ համատեքստում շատ կարևոր են կանխարգելիչ միջոցառումները:

«Կարևոր գործոնը մեր քաղաքացիների մոտեցումն է, նրանց վարքագիծը բնության գրկում: Խնդրենք մեր քաղաքացիներին, որ խստորեն պահպանեն հակահրդեհային կանոնները: Դրանից բացի, ուշադիր լինեն, քանի որ ապակե տարրաներ բնության գրկում թողնելը վտանգավոր է: Արտակարգ իրավիճակների նախարարությունը պետք է ակտիվացնի կանխարգելիչ աշխատանքներ, պատրաստ լինի օպերատիվ արձագանքի: Նախորդ տարի երկու ուղղաթիռ ենք ձեռք բերել, ինչը հնարավորություն է տալիս իրականացնել հրդեհաշիջման աշխատանքներ: Արդեն փորձարկումներ իրականացվել են, պետք է համոզվել՝ անձնակազմը պատրաստ է, թե, ոչ»,-ասաց Նիկոլ Փաշինյանը:

Նա հորդորեց պարբերաբար հանրային իրազեկում կատարել՝ օգտագործելով լրատվամիջոցները, սոցիալական ցանցերը:

«Մեկ անգամ ասելով չէ, պետք է անընդհատ այս ուղերձը տրվի: Շատ վտանգավոր վիճակ է, ու ամեն ինչ պետք է անենք, որ վատ զարգացումներ չլինեն»,-ասաց Նիկոլ Փաշինյանը:

Արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Փամբուխչյանը նշեց, որ օդի ջերմաստիճանի բարձրացմամբ պայմանավորված հրատապ նիստ է հրավիրվել, այս օրերին կաշխատեն ուժեղացված ռեժիմով:

  • Կիսվել: