շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Որքան գումար է ծախսվում կորոնավիրուսով վարակված մեկ պացիենտին բուժելու համար

Որքան գումար է ծախսվում կորոնավիրուսով վարակված մեկ պացիենտին բուժելու համար

Կորոնավիրուսի դեմ պայքարի համար հավաքված գումարները ծախսվել են բուժական և այլ միջոցառումների համար՝ սարքավորումներ ձեռք բերել, բժշկական ծառայությունների համար վճարել, բուժանձնակազմին վարձատրել, կարանտինային վայրերում մարդկանց խնամքն ապահովել։ Այս մասին այսօր ասուլիսի ժամանակ հայտարարեց Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։

«Հաշվետվությունը չի կարող լինել վերջնական, քանի որ ծախսերը դեռ չեն ավարտվել: Ի դեպ, այդ ծախսերն աճում են վարակակիրների թվի աճին և հոսպիտալացման ծավալների մեծացմանը զուգահեռ: Կարծում եմ, որ կգա մի օր, երբ ամբողջական հաշվետվություն կներկայացվի, չնայած դա կարելի է անել նաև պարբերական:

Ես հանձնարարական կտամ, որ առնվազն մեր մասով ներկայացվի: Ինչու եմ ասում մեր մասով, քանի որ ամբողջ պետական ապարատն է ծախսեր կատարում»,- ասաց նախարարը։

Հարցին, թե որքան գումար է ծախսվում մեկ վարակակրի բուժման համար, Թորոսյանն ասաց, որ այդ հարցի պատասխանը չկա, քանի որ հիվանդները բուժվում են տարբեր ԲԿ-ներում, տարբեր անձնակազմով ու տարբեր հագեցվածությամբ.

«Այդ հաստատությունները ֆինանսավորվում են հիմնականում պահպանման ծախսերով: Կախված հիվանդանոցային մահճակալների զբաղվածությունից մոտավոր կարելի է ասել, թե տվյալ ԲԿ-ում մեկ պացիենտի միջին ծախսն ինչքան է:

Սակայն կան նաև հաստատված գներ, որոնցով մենք վճարում ենք այն ԲԿ-ներին, որոնք ամբողջությամբ չէ, որ զբաղվում են կորոնավիրուսային հիվանդությամբ,  այլ ունեն նման բաժանմունքներ:

Եթե չեմ սխալվում, մեկ ռեանիմացիոն պացիենտի համար՝ միջին հոսպիատալացման տևողությամբ, մոտավորապես մեկ միլիոն դրամ գումար էր ստացվում: Բայց այդ թվերը հիմա անգիր չեմ հիշում, դրանք գաղտնիք չեն, դրանք իմ ասած հանձնարարականի շրջանակներում կհրապարակենք»:

  • Կիսվել: