երկուշաբթի, հունիս 9
9 / 6 / 2025
Որոշ լրատվամիջոցներ ՀՀ-ի և ՀՀ քաղաքացիների դեմ տեղեկատվական պատերազմում ոչնչի առաջ չեն կանգնում. Պապոյան

Որոշ լրատվամիջոցներ ՀՀ-ի և ՀՀ քաղաքացիների դեմ տեղեկատվական պատերազմում ոչնչի առաջ չեն կանգնում. Պապոյան

Որոշ լրատվամիջոցներ ՀՀ-ի և ՀՀ քաղաքացիների դեմ տեղեկատվական պատերազմում ոչնչի առաջ չեն կանգնում և ոչ միայն անվտանգային հարցերն են շահարկում, այլ նաև տնտեսական հարցերը՝ իբր թե նախորդ 4 տարիների ընթացքում ոչ միայն ոչինչ չի փոխվել ՀՀ-ում տնտեսական առումով, այլև նույնիսկ երբեմն ոմանք համարձակվում են «ճամարտակել», որ իրենց շեֆերի կառավարման տարիներին տնտեսական ցուցանիշներն ավելի լավ են եղել: Այս մասին այսօր ԱԺ նիստի հայտարարությունների ժամանակ ասաց ՔՊ-ական պատգամավոր Գևորգ Պապոյանը:

Նա մի քանի ցուցանիշներ ներկայացրեց, որոնք, իր պնդմամբ հակառակի մասին են փաստում.

«Եթե 2018 թվականի առաջին 100 օրերի ընթացքում հավաքագրվել էր 252,4 միլիարդ դրամի հարկ, ապա 2022 թվականի առաջին 100 օրերի ընթացքում հավաքագրվել է 423,8 միլիարդ դրամի հարկ, կամ 68 տոկոսով ավելի: Այսպիսի ցուցանիշներ գրանցվել են հետպատերազմյան Գերմանիայում և Ճապոնիայում՝ 4 տարվա ընթացքում 68-70 տոկոս աճեր՝ ես նայեցի, միայն հետպատերազմյան Ֆեդերատիվ Գերմանիայում և Ճապոնիայում է միայն այսպիսի բարձր աճերի տեմպեր արձանագրվել»,- ընդգծեց Պապոյանը:

Պապոյանն անդրադարձավ նաև, այն խոսակցություններին թե՝ «դուք տնտեսությունից փողերը հավաքում եք, հարկերը հավաքագրում եք, տնտեսությանը փողը չեք թողում, բայց հո դրանից մարդկանց եկամուտները չեն ավելանում» և ի պատասխան այս խոսակցությունների Պապոյանն ասաց, որ «մարդկանց եկամուտների ամենամեծ ցուցիչը ավանդների ծավալն է»:

Պապոյանը ներկայացրեց ցուցանիշներ, ըստ որի 2018 փետրվար ամսվա դրությամբ՝ մինչև հեղափոխությունը և 2022 թվականին փետրվարին՝ 4 տարվա կտրվածքով ՀՀ քաղաքացիների արտարժույթային և դրամական ավանդներն ավելացել են 55 տոկոսով՝ 1 տրիլիոն 444 միլիարդ դրամով:

Անդրադառնալով գնաճին՝ պատգամավորն ասաց, որ  թեև գնաճ կա, սակայն դա  դարձրել են այսպես կոչված՝ մատի փաթաթան և փորձում են ներկայացնել, թե գնաճը միայն Հայաստանին բնորոշ երևույթ է: Նա նշեց երկրներ, որտեղ գնաճը շատ ավելին է՝ Թուրքիա՝ գնաճը 54,4 տոկոս է, Լիտվա՝ 14,2 տոկոս, Էստոնիա՝ 12 տոկոս, Վրաստան՝ 12,5 տոկոս, և այսպես շարունակ:

«Սիրելի հայրենակիցներ, ցավոք սրտի, մենք գնաճ ունենք, բայց այստեղ նույնպես կա հուսադրող բան՝ ՀՀ-ում գնաճը աշխարհի երկրների մեծ մասի համեմատ բավականին ցածր է և համեմատության մեջ բավականին լավ վիճակում ենք գտնվում»,-ասաց նա և նշեց, որ մեզ մոտ սովորականից ավելի է 1,9 անգամ, իսկ ԱՄՆ-ում՝ հինգ անգամ ավելի, ինչը ցույց է տալիս, որ Հայաստանում լավ կառավարում են գնաճը, հակառակ դեպքում ավելի շատ կլիներ:

  • Կիսվել: