շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Որևէ տեղ գրված չէ, որ ՌԴ որևէ մարմին Հայաստանի որևէ տարածքի վրա պետք է ունենա վերահսկողություն. Նիկոլ Փաշինյան

Որևէ տեղ գրված չէ, որ ՌԴ որևէ մարմին Հայաստանի որևէ տարածքի վրա պետք է ունենա վերահսկողություն. Նիկոլ Փաշինյան

Ըստ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ ընդհանուր առմամբ, Ադրբեջանի եւ Նախիջեւանի միջեւ կապի վերաբերյալ առանձին վերցրած օրակարգ գոյություն չունի, նման օրակարգ գոյություն ունի տարածաշրջանային կոմունիկացիաների բացման համատեքստում, երբ պետք է բոլոր կոմունիկացիաները բացվեն: Այս մասին նա ասաց The Wall Street Journal-ին տված հարցազրույցում:

Անդրադառնալով դիտարկմանը, որ առկա համաձայնություններով նախատեսվում է, որ Ռուսաստանի ԱԴԾ-ն կառավարի Նախիջեւանի եւ Ադրբեջանի միջեւ երթեւեկությունը՝ Փաշինյանն ասաց. «Որեւէ տեղ գրված չէ, որ ՌԴ որեւէ մարմին Հայաստանի որեւէ տարածքի վրա պետք է ունենա վերահսկողություն: Որեւէ տեղ գրված չէ, որ ՀՀ-ն համաձայն է, կամ նախատեսված է ՀՀ որեւէ սուվերեն իրավունքի կրճատում կամ սահմանափակում: Որեւէ տեղ գրված չէ, որ ՀՀ պետական ինստիտուտներին վերապահվող որեւէ գործառույթ պետք է պատվիրակվի որեւէ այլ մեկի: Որեւէ տեղ գրված չէ, եւ նախատեսված չէ, որ Հայաստանի տարածքում ինչ-որ ուրիշ մեկը պետք է ապահովի անվտանգություն: Այդպիսի բան գրված չի եղել»:

Վարչապետի խոսքով՝ ԼՂ-ում ՌԴ խաղաղապահի զորախմբի ձախողումից հետո շատ հարցեր են առաջանում եւ այդ հարցերը լեգիտիմ են: Ձախողում ասելով նկատի ունեմ, որ փաստ է, որ ՌԴ խաղաղապահի զորախումբը չի կարողացել կամ չի ցանկացել ապահովել Լեռնային Ղարաբաղի հայության անվտանգությունը: Մյուս կողմից Հայաստանի որեւէ սուվերեն իրավունքի սահմանափակման մասին որեւէ տեղ երբեւէ խոսք չի եղել եւ չի կարող լինել:

Բայց մյուս կողմից ուզում եմ ասել, որ ինչպես պայմանավորվել ենք Բրյուսելի վերջին հանդիպման ժամանակ, տարածաշրջանային կոմունիկացիաների բացումը պետք է տեղի ունենա երկրների ինքնիշխանության, իրավազորության հիման վրա: Արդյոք դրա արդյունքում Ադրբեջանի արեւմտյան շրջանները պետք է Նախիջեւանի հետ կապ ունենան, այդ թվում ՀՀ տարածքով: Այո, իհարկե: Արդյոք ՀՀ-ն այդ նույն ուղիները կարող է օգտագործել իր տարբեր հատվածների միջեւ, օրինակ, երկաթուղային կապ ապահովելու համար: Այո, իհարկե: Արդյոք, Ադրբեջանը այդ պարագայում կարող է օգտագործել Հայաստանի տրանսպորտային ուղիները միջազգային առեւտրի համար: Այո, իհարկե: Արդյոք, Հայաստանը պիտի հնարավորություն ունենա օգտագործել Ադրբեջանի ճանապարհները միջազգային առեւտրի համար: Այո, իհարկե: Արդյոք միջազգային առեւտրի մասնակիցները պիտի հնարավորություն ունենան ՀՀ տարածքով իրենց առեւտուրն իրականացնել Թուրքիայի, Իրանի, Վրաստանի հետ: Այո իհարկե: Մենք այս լուծմանը պատրաստ ենք եւ այդ առաջարկը անվանում ենք «խաղաղության խաչմերուկի» եւ մեր բոլոր գործընկերներին հրավիրում ենք միասին իրականություն դարձնել այդ նախագիծը»,-ասաց ՀՀ վարչապետը:

 

  • Կիսվել: