Օդում կախված լուրեր լինելու են, բայց ես հեռանում եմ պարզ ճակատով. Սարհատ Պետրոսյան
Ոմանք առանց պատկերացում կազմելու՝ ինչ է իրականում Կադաստրը, ասում են, թե Կադաստրը միայն գրանցող մարմին է, ես չեմ եկել որպես գրանցող մարմնի ղեկավար: Այս մասին Կադաստրի պետական կոմիտեում աշխատանքային խորհրդակցության ժամանակ նշեց կոմիտեի ղեկավար Սարհատ Պետրոսյանը` անդրադառնալով իր հրաժարականին:
Նա հավեց, որ այս 1 տարի 2 ամիսը մեծագույն հաճույքով է աշխատել, իսկ կենտրոնական ապարատում չկա որևէ մեկը, որի հետ չէր ուզենա աշխատել. «Բայց յուրաքանչյուրս ունենք մեր սկզբունքները: Սա ֆանտաստիկ թիմ է: Իմ գնալուց հետո, հույս ունեմ, որ վերջերս համակարգ եկածները կաշխատեն առաջվա ռիթմով, հնուց եկածներն էլ` կշարունակեն նոր գաղափարներն իրագործել»։
Սարհատ Պետրոսյանը նաև նկատեց. «Վստահ եմ՝ մարդիկ կան, որ գուցե ուրախ են իմ հրաժարականով, բայց երբեք որևէ մեկի հանդեպ անձնական վերաբերմունքով դրդված քայլ չեմ արել: Գիտեմ, որ երկար ժամանակ օդում կախված լուրեր են լինելու, բայց ես հեռանում եմ պարզ ճակատով»։