Օ՜ ժամանակներ, օ՜ բարքեր
Ֆեյսբուքում բանավիճում եմ Բաբայան-Մայիլյան դաշինքի համակիրներից մեկի հետ, գրում է փորձագետ Վահրամ Աթանեսյանը:
«Խոսում եմ փաստով: Հարցնում եմ՝ հիշու՞մ է, որ Մարտակերտի ՆԳ շրջբաժնի մեկուսարանում մարդ է կախվել՝ չդիմանալով կտտանքներին: Պատասխանում է՝ այո: Պարզվում է՝ գործով քննիչ է եղել: "Իսկ գիտե՞ք, թե նրա տանն ինչքան զենք-զինամթերք է հայտնաբերվել": Եւ հիշողությամբ թվարկում է: Հրադադարից հետո պատերազմ անցած գրեթե բոլորն էլ ռազմավար զենք-զինամթերք ունեին: Պատերազմից չարքաշ աշխարհազորայինի բաժինը դա էր: Ռազմավարի սերուցքը դաշտային հրամանատարներն էին քաշում:
Զինվորին մնում էր սպանված հակառակորդի ավտոմատը: Զենք-զինամթերքն, իհարկե, պետք է հանձնվեր: Բայց ինչպե՞ս էին աշխատում պատկան մարմինները: Այնպես, որ մարդը, երեկվա աշխարհազորայինը մեկուսարանում ինքնասպանություն էր գործում, եւ ոչ ոք պատասխանատվության չէր ենթարկվում: Անցել է քառորդ դար, բայց զրուցակիցս սառը գրում է. "Իսկ ո՞վ է մեղավոր, թող չկախվեր": Ահա քեզ՝ մտածողություն: Այսպես են ուզում իշխանության գալ: Ապաշխարության, մեղանչումի ոչ մի խոսք: Գալիս են "ժողովրդավարի" պատմուճանով: Խոսում են մարդու իրավունքների՜ց, օրենքի գերակայությունի՜ց, բոլորի համար հավասար պայմանների՜ց: Եւ ցավալիորեն հասկանում ես, որ մեղքի մեր բաժինն էլ պակաս չէ: Որովհետեւ պատերազմի, հրադադարի, հաջորդ տարիների իրադարձությունները հայտարարել ենք "փակ թեմա",: Ով հանդգնել է կեսբերան խոսք ասի՝ քոթակել ենք, համարել, որ "հակառակորդի ջրաղացին ջուր է լցնում":
Իմ իմացած եւ նման տասնյակ, հարյուրավոր դեպքեր դուրս են մնացել իրավապաշտպանների, մամուլի ուշադրությունից: Հիմա ասում են՝ մարդը թող չկախվեր: Ոչ թե ինքնասպանության դրդողն է մեղավոր, այլ՝ ինքնասպանություն գործողը: Օ՜ ժամանակներ, օ՜ բարքեր։ Երեւի զուր չէ, որ կարգախոս են ընտրել՝ "Միասին մենք կարող ենք": Այո, կարող են մարդ սպանել եւ քառորդ դար հետո մարդու իրավունքներից խոսել»,- գրում է Աթանեսյանը: