հինգշաբթի, հուլիս 16
16 / 7 / 2026
Ո՞վ «կլցնի վակուումը»

Ո՞վ «կլցնի վակուումը»

ՌԴ պաշտպանության նախարար Շոյգուի Բաքու այցից հինգ օր անց՝ օգոստոսի 29-ին, Ադրբեջանի նախագահի արտաքին քաղաքական հարցերով օգնական Հաջիեւը հայտարարել է, որ բավարարված չեն դեպի Հայաստան բեռնափոխադրումների կապակցությամբ Մոսկվայի բացատրություններից:

Շոյգուն Բաքվում ասել է, որ հուլիս-օգոստոս ամիսներին Ռոստով-Երեւան օդային երթուղով Հայաստան ոչ թե ռազմական նշանակության բեռներ, այլ 102-րդ ռազմաբազային անհրաժեշտ շինանյութեր են առաքվել:

Ինչպես գրում է վերլուծաբան Վահրամ Աթանեսյանը, Բաքվում, անշուշտ, ի սկզբանե բավարարված չէին Շոյգուի բացատրությունից: Այս դեպքում խնդիրը դժգոհություն հնչեցնելու պաուզան է: Կարելի է ենթադրել, որ անցած մի քանի օրերին դիվանագիտական փակ խողովակներով Անկարա-Մոսկվա ձեւաչափի քննարկումներ են ընթացել, բայց առայժմ չկա համաձայնություն:

Այս վարկածի օգտին է խոսում ԵԱՀԿ Մինսկի խմբի նախկին համանախագահ, Բաքվում ԱՄՆ նախկին դեսպան Մեթյու Բրայզայի մեկնաբանությունը: Ըստ այդմ, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունը նոր առաջարկություններ չունի, ԼՂ կարգավորման հարցում հայկական եւ ադրբեջանական կողմերի մոտեցումները մնում են տրամագծորեն ներհակ:

Բրայզան արձանագրել է դիվանագիտական վակուում, որ կարող են լցնել Մոսկվան եւ Անկարան:
Թուրքական «Ջումհուրիեթ» թերթի մեկնաբան Գյուլլերն այս հեռանկարը պատկերել է որպես «ոչ պաշտոնական, բայց շատ գործնական՝ Ռուսաստան-Հայաստան եւ Թուրքիա-Ադրբեջան ձեւաչափով բանակցությունների նախաձեռնություն»:

Թուրքական «Ջումհուրիեթն» ավանդաբար արտահայտում է իշխանությունների տեսակետը: Մեծ է հավանականությունը, որ «նոր ձեւաչափի» գաղափարը Մոսկվայում ներկայացրել է Ադրբեջանի ԱԳ նախարար Բայրամովը:

Ադրբեջանցի պաշտոնակցի հետ բանակցությունների ավարտին ՌԴ արտգործնախարար Լավրովը բանակցային ձեւաչափի փոփոխությունը համարել է ոչ նպատակահարմար: Բացառված չէ, որ Թուրքիայի ներգրավվածության խնդիրը բարձրացվում է որպես բանակցություններին Արցախի մասնակցության հակակշիռ:

Այդուհանդերձ, թուրքական մամուլի հրապարակումներից մեկում, ինչպես ներկայացնում է ադրբեջանական «Թուրան» գործակալությունը, այն միտքն է ներշնչվում, որ դեպի արեւելք ՆԱՏՕ-ի ընդլայնման նպատակը ոչ միայն Ռուսաստանի, այլեւ Թուրքիայի «շրջափակման նպատակ ունի եւ դաշինքի հարավ-արեւլյան թեւը կարող է փլուզվել»:

Հատուկ ուշադրության է արժանի, որ նման վերլուծություն արվում է Միջերկրական ծովի արեւելյան շրջանում Հունաստան-Թուրքիա լարվածության համատեքստում: Փաստացի ՆԱՏՕ-ի անդամ երկու երկրներ՝ Հունաստանը եւ Թուրքիան, պատերազմից մի քայլ հեռավորության վրա են, իսկ Հունաստանին աջակցում է Ֆրանսիան:

Այս իրավիճակում ռուս-թուրքական համագործակցությունը տեսականորեն նույնականանում է անցյալ դարասկզբի Լենին-Աթաթուրք դաշինքի հետ: Բայց ներկայումս Թուրքիան եւ Ռուսաստանը չափազանց լարված հարաբերություններ ունեն Սիրիայում:

Այս առումով խիստ ուշագրավ է թուրքական մամուլի եւս մի հրապարակում, որտեղ առաջարկվում է ԼՂ խնդիրը քննարկել այսպես կոչված «Աստանայի»՝ Ռուսաստան-Թուրքիա-Իրան ձեւաչափով:

Կարելի է եզրակացնել, որ թուրքական դիվանագիտությունը դեռեւս չի կորցրել Անկարա-Մոսկվա համագործակցությամբ ԼՂ կարգավորման սեպարատ գործընթաց սկսելու հույսը: Տպավորություն է, որ Ռուսաստանը մինչեւ վերջ չի փակել այդ թեման: Մամուլում տեղեկություն է հայտնվել, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները ծրագրում են սեպտեմբերին այցելել տարածաշրջան:

 

  • Կիսվել: