երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Ո՞վ է որոշել, որ սահմանն անցնում է այն հատվածով, որը նկարագրված է ԱԱԾ հաղորդագրության մեջ. Տիգրան Աբրահամյան

Ո՞վ է որոշել, որ սահմանն անցնում է այն հատվածով, որը նկարագրված է ԱԱԾ հաղորդագրության մեջ. Տիգրան Աբրահամյան

Ո՞վ է որոշել, որ սահմանն անցնում է այն հատվածով, որը նկարագրված է ԱԱԾ պաշտոնական հաղորդագրության մեջ: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում  ասաց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։

Նա հարց հնչեցրեց, թե արդյո՞ք Հայաստանի ու Ադրբեջանի միջև տեղի է  ունեցել սահմանանշում, սահմանագծում, որի հետևանքով արդեն կա իրավիճակ, երբ որ պաշտոնական հաղորդագրությունում կոնկրետ  գնահատական է տրվում, թե որ հատվածով է  անցնում սահմանը։

«Միայն այս հանգամանքը ցույց է տալիս այս իրավիճակի ողջ աբսուրդությունը»,- ասաց ընդդիմադիր պատգամավորը։

Տիգրան Աբրահամյանի խոսքով, ԱԱԾ այսօրվա հաղորդագրությունը, նաև որոշ ժամանակ առաջ ՊՆ նմանատիպ հայտարարությունը,  բավական լուրջ և վատ ազդեցություն են թողնում զինված ուժերի վրա և այն ստորաբաժանումների ու ծառայությունների վրա, որոնք զբաղված են սահմանագծի պաշտպանությամբ կամ պահպանությամբ։

«Այն, որ իշխանությունը փորձում է կամ այս  դեպքում ԱԱԾ-ն, անել հաղորդագրություններ, որոնք, ըստ իրենց, չեն լարում իրավիճակը, ասեմ՝ նախորդ անգամ Ներքին Հանդի դեպքում էլ եղավ նմանատիպ հայտարարություն, դրա մասին խոսեց Նիկոլ Փաշինյանը, բայց դա Ադրբեջանին չխանգարեց ծանր հարվածներ հասցնել ու հայկական կողմին զոհեր պատճառել»,- ասաց «Պատիվ ունեմ» խմբակցութան պատգամավորը։ 

Հիշեցնենք, որ այսօր ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունը ապրիլի 10-ին Հայաստան-Ադրբեջան պետական սահմանի հատվածում տեղի ունեցած միջադեպի մասին հաղորդագություն էր տարածել։

  • Կիսվել: