հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Ո՞վ է որոշել, որ միայն ես պիտի խոսեմ. Վազգեն Մանուկյանը՝ Ավետիք Չալաբյանին․ «Հրապարակ»

Ո՞վ է որոշել, որ միայն ես պիտի խոսեմ. Վազգեն Մանուկյանը՝ Ավետիք Չալաբյանին․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանին իշխանությունից հեռացնելու համար ստեղծված Ազգային կոմիտեն, որի կազմում են Վազգեն Մանուկյանը, Իշխան Սաղաթելյանը, Հայկ Մամիջանյանը, Ավետիք Չալաբյանը եւ Անդրանիկ Թեւանյանը, սեպտեմբերի 30-ի բավականին սակավամարդ հանրահավաքից հետո «անհետացել» է։ Հանրահավաքի օրը Վազգեն Մանուկյանը հայտարարեց, որ զանգվածային բողոքի ակցիաները շարունակվելու են, որ իրենք կոնսուլտացիաներ են սկսում տարբեր քաղաքական ուժերի հետ, եւ հանրահավաքները միակ գործիքը չեն: Դրանից արդեն 5 օր է անցել` կոմիտեն ոչինչ չի նախաձեռնել, գոնե` առերեւույթ։ «Հրապարակն» ավելի վաղ գրել էր, որ խորհրդարանական եւ արտախորհրդարանական ընդդիմադիրներով ձեւավորված Ազգային կոմիտեում տարաձայնություններ կան, եւ լուրեր են շրջանառվում, որ այս կոմիտեն լուծարվում է։ Ավելին՝ խոսք է գնում, որ նոր կոմիտե է ձեւավորվելու։ Այս տեղեկություններն անուղղակիորեն հաստատեց գրականագետ Սերժ Սրապիոնյանը` մեզ տված հարցազրույցում: 

Երեկ փորձեցինք հասկանալ, թե իրականում ինչ է կատարվում, եւ դրա համար զրուցել ենք հենց կոմիտեի անդամների հետ: Հայկ Մամիջանյանը չպատասխանեց մեր զանգերին, իսկ Ավետիք Չալաբյանը հրաժարվեց հարցազրույց տալուց: Ասաց, որ չի ուզում խոսել, եւ Վազգեն Մանուկյանն է լիազորված կոմիտեի անունից խոսել։ «Մենք պայմանավորվել ենք, որ կոմիտեի մասին Վազգեն Մանուկյանն է խոսում, պայմանավորվածություն ունենք, որ կոմիտեն հիմա ինքն է ներկայացնում, մյուսները սեպարատ հայտարարություններ չեն անում։ Եթե ես հիմա ինչ-որ բան խոսեմ կոմիտեի անունից, դա կլինի պայմանավորվածության խախտում»,- ասաց նա։ Հարցին, թե ինչ տարաձայնություններ ու վեճեր կան կոմիտեի անդամների միջեւ, Չալաբյանը նախ նշեց, որ դրա մասին միայն «Հրապարակն» է գրել` ակնարկելով, որ տարաձայնություններ չկան, ապա ասաց․ «Զանգեք՝ թող Վազգեն Մանուկյանն ասի»։ 

Զանգահարեցինք Վազգեն Մանուկյանին։ Նա զարմացավ Չալաբյանի այն պատասխանից, թե պայմանավորվածություն կա, որ միայն ինքը կարող է խոսել։ «Ո՞վ է որոշել, որ միայն ես պիտի խոսեմ, ինչպե՞ս դա որոշեցին»,- զարմացած հարցրեց նա` հաստատելով, որ կոմիտեի անդամները չեն շփվում եւ համակարծիք չեն անգամ տարրական հարցերում։ Հետաքրքրվեցինք, թե ինչ «սեւ կատու» է անցել կոմիտեի անդամների միջեւ, ինչու լեզու չեն գտնում։ Մանուկյանը չհերքեց, որ վեճեր են եղել․ «Եթե վեճեր չլինեին, մեռած մարմին կլիներ»։ Ապա զբաղվածությունը պատճառաբանելով` շնորհակալություն հայտնեց եւ անջատեց հեռախոսը։ 

Վազգեն Մանուկյանը նաեւ հայտնեց, որ այս օրերին կոմիտեն խորհրդակցությունների մեջ է եղել, տարբեր ծրագրեր են մշակում, ինքը պատրաստ կլինի խոսել մի քանի օրից` «հայտարարություն կանի»։ Թերեւս, դա այս կոմիտեի լուծարման եւ նոր կոմիտե ձեւավորելու մասին հայտարարությունն է լինելու»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

  • Կիսվել: