Ո՞րն էր Բորիս Ջոնսոնի թուրք նախապապի սպանության պատճառը
Բրիտանական The Sunday Times պարբերականի հեղինակ Դոմինիկ Լոուսոնը հիշեցրել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնին՝ իր թուրքական արմատների եւ Օսմանյան կայսրություն իր նախապապի դաժան սպանության մասին:
«Թուրքիայի խաղը մահաբեր է, եւ Ջոնսոնը դա լավ գիտի» վերտառությամբ հոդվածում, անդրադառնալով Միացյալ Թագավորության կառավարության ղեկավարի ազգությամբ թուրք նախապապի պատմությանը, հոդվածի հեղինակը, մասնավորապես, գրում է.
«Բորիս Ջոնսոնի նախապապը՝ Ալի Քեմալ Բեյը, թուրք լրագրող եւ խմբագիր էր, որը մտավ քաղաքականություն եւ դարձավ Օսմանյան կայսրության ներքին գործերի նախարարը: Նա, թերեւս, ավելին, քան ցանկացած այլ օսմանյան հանրային գործիչ, վճռական էր արդարադատության առաջ կանգնեցնելու հայերի կոտորածների համար պատասխանատու հազարավոր ոճրագործներին, եւ բաց արտահայտվում էր այդ մասին:
1919 թ.-ին նա գրել էր. «Մի՛ փորձեք մեղքը գցել հայերի վրա. մենք չպետք է շողոքորթենք ինքներս մեզ, թե աշխարհը լցված է ապուշներով: Մենք թալանել ենք այն մարդկանց ունեցվածքը, որոնց մենք արտաքսել եւ կոտորել ենք ... կատարվել է պատմականորեն եզակի հանցագործություն, հանցագործություն, որի առաջ աշխարհը սարսռում է»: Հենց այս արտահայտությունները (որոնք ոճի տեսանկյունից նման են նրա մեծ ծոռան արտահայտվելու ոճին) հանգեցրին նրան, որ Քեմալին առեւանգեցին Ստամբուլի վարսավիրանոցներից մեկից եւ քարկոծման ենթարկեցին: Մի պատմություն նկարագրում էր, թե ինչպես «հետագայում նրա արյունով ծածկված մարմինը կախաղան հանվեց եւ կրծքավանդակի վրա այս գրությունն էր. «Արթին Քեմալ»: Բանն այն է, որ «Արթինը» հայկական անուն է. մարդասպանների կարծիքով, սա նրա դիակի վրա գրելը վերջնական վիրավորանքի ձեւ էր»:
Հեղինակը գրում է, որ, իր իմացությամբ, Բորիս Ջոնսոնը հպարտանում է իր թուրքական արմատներով, եւ երբ նա դարձավ ՄԹ վարչապետը, թուրքական մամուլը նրան անվանում էր «Օսմանյան թոռ»:
«Նա երբեւէ հանրային ձեւով չի խոսել իր նախապապի սպանության կամ դրա պատճառների մասին: Կասկածում եմ, որ նա այդ թեման բարձրացրել է նաեւ սեպտեմբերի 28-ին Էրդողանի հետ կայացած հեռախոսազրույցի ժամանակ, որի ընթացքում, ըստ ամենայնի, շոշափվել է Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցող իրադարձությունները»,- գրել է Դոմինիկ Լոուսոնը:


