Ո ՞րն է Սահրատ Պետրոսյանի հրաժարականի իրական պատճառը․ չի բացառվում, որ նա մոտ ժամանակահատվածում կանչվի քրեական պատասխանատվության․ աղբյուր
Չի բացառվում, որ Կադաստրի կոմիտեի դեռ ներկայիս պետ Սահրատ Պետրոսյանը, ով քիչ առաջ հայտարարել էր իր հրաժարականի մասին, մոտակա ժամանակահատվածում կանչվի քրեական պատասխանատվության։ Այս մասին PrimeNews-ին հայտնեցին իրավապահ շրջանակների իր աղբյուրները։
Ըստ աղբյուրի Պետրոսյանը, ով այսօր իր ֆեյսբուքյան գրառման մեջ անխնա քննադատել է կառավարությանը, նույնիսկ որոշ պաշտոնյաների մեղադրելով կոռուպցիայի մեջ, մեղմ ասած աչքի չի ընկել անբասիր և պարկեշտ աշխատաոճով և վարք ու բարքով։ Նրա աշխատանքի մեջ, ըստ աղբյուրի, տեղ են գտել բազմաթիվ ինչպես մանր-մունր, այնպես էլ լուրջ բացթողումներ, որոնց մասին Պետրոսյանին բազմիցս զգուշացրել են վերադասները։ Սակայն Պետրոսյանի ամեն անգամ մեղքը փորձել է բարդել ենթակաների, տեղակալների վրա։ Մինչդեռ ուսումնասիրությունները ցույց են տվել, որ Պետրոսյանը տեղյակ է եղել բացթողումներից, այդ ինֆորմացիան նրան ամբողջովին հասանելի է եղել «Մալբըրի» համակարգով։
Աղբյուրի հավաստմամբ խոսքը գնում է ոչ միայն աշխատանքային բացթողումների մասին, այլև չարաշահումների, որոնք մոտ ապագայում կարող են հիմք հանդիսանալ Պետրոսյանի նկատմամբ քրեական հետապնդում սկսելու համար։
Աղբյուրը նշեց, որ Պետրոսյանը տեղյակ է եղել իր աշխատանքից ղեկավարության դժգոհությունների մասին, նա բազմիցս զգուշացվել է բացթողումների համար, ստացել նկատողություններ և գիտեր, որ իր ազատումը հաշված օրերի հարց է․ «Հենց դրանով էր պայմանավորված Պետրոսյանի այսօրվա հայտարարությունը»,- նշեց աղբյուրը։
Նշենք, որ Կադաստրի կոմիտեի ղեկավար Սահրատ Պետրոսյանը դիմել է վարչապետին իրեն պաշտոնից ազատելու համար ։ Այս մասին նա գրել է իր ֆեյսբուքյան էջում։ Գրառման մեջ նա մասնավորապես նշել է․ «Ցավով պետք է նշեմ, որ նախորդ մեկուկես տարում ինձ չհաջողվեց վարչապետին ու կառավարությանը ներկայացնել մեր բնագավառում առկա խորքային խնդիրների ամբողջ լրջությունն և դրանց լուծման իմ տեսլականի մրցունակությունն ու երկարաժամկետ կտրվածքով տնտեսական արդյունքը։ Չնայած անշարժ գույքի շուկայում մեր արձանագրած աննախադեպ ակտիվությանը, քաղաքաշինության բնագավառում մենք հետընթաց ունենք՝ հանձինս քաղաքաշինության կոմիտեի ներկա և նախկին ղեկավարների (ի դեպ, վերջինս այս պահին հանդիսանում է փոխվարչապետ Տիգրան Ավինյանի խորհրդականը) քաղաքականություն հիշեցնող իներցիոն իմիտացիաների։ Եվ ես որպես կառավարությանը ենթակա մարմնի ղեկավար ու մասնագիտությամբ ճարտարապետ-քաղաքաշինարար, այլևս չեմ կարող հանդուրժել դիլետանտիզմն ու կոռումպացվածության հասնող թայֆայականությունը, ինչի դեմ պայքարել եմ դեռևս ուսանողական տարիներից, ապա նույնկերպ՝ հանրային դաշտում, իսկ ավելի ուշ՝ որպես փորձագետ»։