կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Ո՞ւմ եք ուղղում այդ միլիարդները. Սոնա Ղազարյանը «ավտորիտար Ադրբեջանի» հարցով դիմեց միջազգային գործընկերներին

Ո՞ւմ եք ուղղում այդ միլիարդները. Սոնա Ղազարյանը «ավտորիտար Ադրբեջանի» հարցով դիմեց միջազգային գործընկերներին

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սոնա Ղազարյանն այսօր անդրադարձավ Ադրբեջանի հայատյաց քաղաքականությանը, մասնավորապես, հայկական մշակութային ժառանգության հետքերը մաքրելու վերաբերյալ Ադրբեջանի մշակույթի նախարար Անար Քերիմովի հայտարարությանը:

«Ուզում եմ միջազգային հանրությանը դիմել և ասել, որ Ադրբեջանի կողմից վարվող այս քաղաքականությունը մարտահրավեր է ՄԱԿ-ի արդարադատության միջազգային դատարանի կողմից 2021-ի դեկտեմբերի 7-ին ընդունված հրատապ միջոցներ կիրառելու վերաբերյալ որոշմանը, ինչպես նաև հիշեցնել, որ 2,1 միլիարդ դոլար է ուղղվում մի երկրի, որը ոչ միայն աչքի է ընկնում ավտորիտար ռեժիմով, այլև հարևանների հանդեպ վարվող վանդալիզմի և պատմամշակութային հուշարձաններն ավիրելու քաղաքականությամբ», - Ազգային ժողովում հայտարարեց Ղազարյանը:

Նա հիշեցրեց, որ ԵԽԽՎ-ում նույնպես ընդունվել են բանաձևեր, որտեղ խոսվում է հայկական պատմամշակութային հուշարձանները կեղծ ալբանական հուշարձաններով փոխարինելու փորձի մասին:

Պատգամավորը հիշեցրեց նաև 44-օրյա պատերազմի ժամանակ Շուշիի «Ղազանչեցոց» եկեղեցու երկու անգամ ռմբակոծվելը` շեշտելով, որ դա պատահականություն չի եղել:

«Ինչպես նշում է ավտորիտար ռեժիմի ներկայացուցիչը՝ դա հստակ մարտավարություն է՝ հայկական հետքերը մաքրելու: Ես ուզում եմ միջազգային մեր գործընեկներին հարցնել` ո՞ւմ են նրանք ուղղում այդ միլիարդները և ի՞նչ նպատակներով են դրանք օգտագործվելու», - նշեց ՔՊ-ական պատգամավորը:

  • Կիսվել: