Նույնիսկ մոբիլիզացված ռեսուրսներն ինչ-որ պահի կարող է չհերիքել՝ դա կարող է հանգեցնել այլ վատ սցենարների․ նախարար
Դեռ ազատ մահճակալներ կան, սակայն դրանց զբաղվելն ու ազատվելը հակառակ տրամաբանությամբ է տեղի ունենում՝ դրանք շատ արագ կարող են զբաղվել, սակայն ազատումը շատ երկար է տևում: Այս մասին հայտարարել է Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը՝ Հանրային խորհրդի անդամների հետ տեսակապով հանդիպման ժամանակ։
Նրա խոսքով՝ այս պահին կա 202 ինտենսիվ թերապիայի մահճակալ մոբիլիզացված հիվանդանոցներում, որից զբաղված է 152-ը:
«Սա ասում եմ նրա համար, որ նույնիսկ մոբիլիզացված ռեսուրսներն ինչ-որ պահի կարող է չհերիքել: Այդ դեպքում մենք ունենք մեր մարտավարությունը, սակայն դա ամենաանցանկալի բանն է, որը մենք կուզենայինք տեղի ունենար:
Խոսքը վերաբերում է առողջապահական ամբողջ համակարգի ներգրավմանը: Այսինքն, բոլոր հիվանդանոցների բոլոր ռեանիմացիաների, ամբողջ բժշկական անձնակազմի ներգրավումը: Դա կարող է անխուսափելի լինել, ինչպես շատ երկրներում, եթե մենք շարունակաբար ունենանք նման բարձր թվեր»,-ասաց նա:
Նախարարի խոսքերով, վերոնշյալը կարող է հանգեցնել այլ վատ սցենարների, մասնավորապես՝ բուժաշխատողների շրջանում վարակվածության դեպքերի աճի.
«Մենք մինչ այսօր ունենք մոտ 350 բուժաշխատող, ովքեր վարակվել են: Հուսանք՝ բոլորը կառողջանան ու որևէ վատ ելքով դեպք չենք ունենա:
Նաև մեկ այլ վատ դեպք կարող է տեղի ունենալ: Խոսքը վերաբերում է հիվանդանոցներում բուժվող այլ քրոնիկական հիվանդություններով ծանր քաղաքացիներին, ովքեր կարող են վարակվել և նրանց առողջական առանց այն էլ վատ վիճակը վատանա կորոնավիրուսի պատճառով: Դրա համար մեր գերնպատակն է նման սցենար թույլ չտալը»:


