չորեքշաբթի, սեպտեմբեր 23
23 / 9 / 2026
Քննիչը դիմել է դատարան՝ քննչականի պետի դեմ. «Հրապարակ»

Քննիչը դիմել է դատարան՝ քննչականի պետի դեմ. «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է․ Քննչական կոմիտեի հատկապես կարեւոր գործերի քննության գլխավոր վարչության պետի տեղակալ Արայիկ Պետրոսյանը դատի է տվել Քննչական կոմիտեին՝ վիճարկելով իրեն պաշտոնից ազատելու եւ այլ պաշտոնի տեղափոխելու ՔԿ նախագահ Արթուր Պողոսյանի հրամանները:

Մենք Քննչական կոմիտեից հետաքրքրվեցինք, թե Պետրոսյանն ազատվե՞լ է աշխատանքից։ ՔԿ-ից մեզ ուղարկեցին օգոստոսի 28-ի հրամանը, որով նա ազատվել է հատկապես կարեւոր գործերի քննության գլխավոր վարչության պետի տեղակալի պաշտոնից՝ իր գրավոր դիմումի հիման վրա։ Մինչ այդ՝ օգոստոսի 21-ին, Պետրոսյանին ազատել էին ՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչության պետի տեղակալի պաշտոնից եւ նշանակել այլ վարչության պետի տեղակալ։ Այս ազատումն Արայիկ Պետրոսյանի սրտով չի եղել` նա դիմում է գրել եւ ազատվել նոր նշանակված պաշտոնից ու դիմել դատարան։ Պետրոսյանը պահանջում է չեղարկել իր հետ կապված երկու հրամանն էլ։ Եթե իր նախկին պաշտոնը կառուցվածքային փոփոխությունների պատճառով այլեւս չկա, ապա նա պահանջում է օրենքով սահմանված կարգով իրեն առաջարկել համապատասխան այլ պաշտոններ եւ հնարավորություն տալ որոշելու՝ համաձա՞յն է նշանակվել այդ պաշտոնին, թե՞ ոչ։ Նաեւ պահանջում է քննարկել իրեն ՔԿ կադրերի ռեզերվում գրանցելու հարցը։ Արայիկ Պետրոսյանը ծնունդով արցախցի է։

  • Կիսվել: