Նրանց միակ նպատակը մեզ վարկաբեկելը և հայհոյելն է․ Մարուքյանը Քոչարյանի փաստաբանական թիմին մեղադրեց խաբեության մեջ
«Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմին մեղադրեց խաբեության մեջ:
«Նրանք ասեցին, որ Սահմանադրական դատարանից ետ են վերցնում իրենց դիմումը, բայց նրանք, ըստ էության բոլորին գցեցին խաբեության մեջ, քանի որ լավ գիտեին, որ անկախ նրանից իրենք դիմումը հետ կվերցնեն, թե ոչ, գործը ՍԴ-ում քննվելու է, քանզի ՍԴ-ն ինքն էլ է նախաձեռնել առանձին գործընթաց այդ գործով: Եթե իրենք դիմումը հետ են վերցրել նրա համար, որ մենք միանան Սահմանադրական դատարանի մասին օրենքի սահմանադրականությունը որոշելու գործընթացին, ապա կարող էին դրանից առաջ մեզ հարցնեին, և մենք կասեինք, որ մի գնացեք այդ քայլին, քանզի մենք մեր որոշումը չենք փոխելու` մենք ՍԴ կդիմենք Քոչարյանի գործի քննությունից հետո միայն»,- ավելացրեց Մարուքյանը:
Ըստ Մարուքյանի, այս ամբողջ գործընթացը իրականում տեղի է ունենում այլ բանի համար, որպեսզի հասարակությանը լարեն իր և իր կուսակիցների դեմ, որպեսզի իրենց դարձնեն քննադատության և հայհոյանքի թիրախ:
«Նպատակը մեզ վարկաբեկելն է, և մեր տեղը զբաղեցնել ընդդիմադիր դաշտում, որպեսզի հետագայում գան իշխանության: Գրում են, որ մենք երեսուն արծաթ ենք վերցրել, բայց իրականում իրենք են այդպիսի կենսակերպ վարում: Հայաստանի ԶԼՄ-երի մեծ մասը պատկանում է այդ ուժերին, և դրանց միջոցով սկսվել է հարձակում մեր դեմ»,- հավաստեց Մարուքյանը, միևնույն ժամանակ մինչև օրվա վերջ սահմանելով deadline, այդ արշավը վերացնելու համար, այլապես, Մարուքյանը խոստացավ, որ պատասխանը կլինի համարժեք:
Նշենք, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը ստորագրահավաք է նախաձեռնել Սահմանադրական դատարանի կազմի փոփոխում նախատեսող օրենքի սահմանադրականությունը վիճարկելու համար: Սակայն ՍԴ դիմելու համար նրանց պետք էր ևս երկու ստորագրություն: ԼՀԿ-ն հրաժարվեց միանալ այդ գործընթացին` պատճառաբանելով, որ մինչ ՍԴ-ում քննվում է Քոչարյանի գործը, պրոցեսները կրելու են քաղաքական բնույթ, իսկ իրենք չեն ուզում խառնվել քաղաքական գործընթացներին, հարցը դիտարկելով միայն իրավական հարթության մեջ:
ԼՀԿ-ն խոստացավ դիմել ՍԴ Քոչարյանի գործի քննությունից հետո միայն: Ի պատասխան` այսօր Քոչարյանի փաստաբանական թիմը ետ վերցրեց իրենց դիմումը ՍԴ-ից` հայտարարելով, որ այլևս գնդակը ԼՀԿ-ի դաշտում է:


