հինգշաբթի, մայիս 29
29 / 5 / 2025
Նպատակ կա ժողովրդավարությունը ինստիտուցիոնալ հիմքի վրա դնել. Փաշինյանը՝ Նորվեգիայի վարչապետին (տեսանյութ)

Նպատակ կա ժողովրդավարությունը ինստիտուցիոնալ հիմքի վրա դնել. Փաշինյանը՝ Նորվեգիայի վարչապետին (տեսանյութ)

Գերմանիայում աշխատանքային այցով գտնվող ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակում հանդիպեց Նորվեգիայի վարչապետ Էռնա Սոլբերգի հետ։ Հանդիպմանը հայկական կողմից մասնակցեցին ՀՀ վարչապետի օգնական Հրաչյա Թաշչյանը, վարչապետի աշխատակազմի արտաքին կապերի վարչության պետ Ծովինար Համբարձումյանը։

ՀՀ վարչապետը, ողջունելով Էռնա Սոլբերգին, նշեց, որ շատ ուրախ է հանդիպման համար։ Վարչապետի խոսքով՝ այն լավ հնարավորություն է քննարկելու երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցերը, նախանշելու երկու երկրների հարաբերությունները ակտիվացնելու ուղիները։ «Տիկին վարչապետ, Հայաստանում այժմ բարեփոխումների շրջան է։ Մենք ունենք բարեփոխումների օրակարգ տարբեր ոլորտներում, մասնավորապես, դատաիրավական ոլորտում»,-ասաց Նիկոլ Փաշինյանը։

Նա նկատեց, որ 2018 թվականին Հայաստանում թավշյա հեղափոխությունից հետո ժողովրդավարության մակարդակը նոր հարթություն բարձրացավ։ Եղած ձեռքբերումները ունենալով ՝ ՀՀ վարչապետն ընդգծեց, որ նպատակ ունեն ժողովրդավարությունը ինստիտուցիոնալ հիմքի վրա դնել։ ՀՀ վարչապետը մանրամասն ներկայացրեց Հայաստանում դատաիրավական ոլորտում բարեփոխումների ընթացքը։ Նա նշեց, որ բարեփոխումների ճանապարհին Հայաստանի կարևոր գործընկերն է Եվրամիությունը։

ՀՀ վարչապետը կարևոր համարեց միջազգային գործընկերների աջակցությունը բարեփոխումների հարցում և ավելացրեց, որ նույնիսկ առանց աջակցության Հայաստանը նպատակ է դրել ժողովրդավարության մակարդակը ինստիտուցիոնալ հիմքի վրա դնել։ Նորվեգիայի վարչապետը դրական համարեց այն, որ Հայաստանում բարեփոխումների գործընթաց է սկսել և պատրաստակամություն հայտնեց քննարկել երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր։

Այնուհետև վարչապետ Փաշինյանը կարճատև հանդիպում է ունեցել նաև Լիբանանի փոխվարչապետ Զեյնա Աքարի հետ, որի ընթացքում կողմերը քննարկել են հայ-լիբանանյան հարաբերությունների մի քանի հարցեր: 

  • Կիսվել: