չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
«Նովիչոկի» ստեղծողներից մեկի կարծիքով` Նավալնիի առողջության վերականգնումը 1 տարի կպահանջի

«Նովիչոկի» ստեղծողներից մեկի կարծիքով` Նավալնիի առողջության վերականգնումը 1 տարի կպահանջի

«Նովիչոկի» ստեղծողներից մեկի` այժմ Միացյալ Նահանգներում բնակվող քիմիկոս Վիլ Միրզայանովի կարծիքով` Ալեքսեյ Նավալնիի առողջության վերականգնման համար կպահանջվի մոտ մեկ տարի:

Дождь հեռուստաընկերության հետ զրույցում քիմիկոսը ներողություն է խնդրել ենթադրաբար «Նովիչոկով» թունավորված ռուսաստանցի ընդդիմադիր գործչից։ «Ներողություն եմ հայցում Նավալնիից այն բանի համար, որ ես մասնակցել եմ այդ հանցավոր բիզնեսին՝ այդ նյութի մշակմանը, որով նա թունավորվել է, գրում է azatutyun.am լրատվական կայքը:
 
Երևում է` նա բոլոր սիմպտոմները հաղթահարել և ողջ է մնացել։ Նավալնին պետք է համբերությամբ զինվի, բայց ի վերջո նա պետք է առողջ լինի»,- նաև ասել է Միրզայանովը։
 
Ռուսաստանցի ընդդիմադիր գործիչը, ով շարունակում է բուժում ստանալ Բեռլինի «Շարիթե» հիվանդանոցում, երեկ պատմել է, որ որոշ ժամանակ առաջ չէր ճանաչում մարդկանց և չգիտեր՝ ինչպես խոսել, այժմ էլ որոշ գործողություններ չի կարողանում ինքնուրույն անել, սակայն բժիշկները լուծել են ամենակարևորը՝ «տեխնիկապես կենդանի մարդուց» վերածել են մեկի, ով կարողանում է արագ թերթել Ինստագրամի էջերը և առանց մտածելու հասկանալ՝ որտեղ դնել «լայքեր»:
 
Գերմանիայի կառավարությունը պնդում է, որ 44-ամյա Նավալնին թունավորվել է Ռուսաստանում ստեղծված «Նովիչոկ» խմբի նյարդապարալիտիկ նյութով, ինչը հաստատել են նաև երկու անկախ եվրոպական լաբորատորիաներ: Ռուսաստանի իշխանությունները հերքում են իրենց մասնակցությունը Կրեմլի կոշտ քննադատի հետ տեղի ունեցած միջադեպին, նաև հավաստիացնում, թե երկրի տարածքում չկան «Նովիչոկի» պաշարներ, դրանք ոչնչացվել են Քիմիական զենքի արգելման կազմակերպության կանոնակարգերին համապատասխան։

  • Կիսվել: