հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Նոր քրեական գործ Ծառուկյանի հանդե՞պ. Հարությունովը հանդես կգա սենսացիոն հայտարարությամբ

Նոր քրեական գործ Ծառուկյանի հանդե՞պ. Հարությունովը հանդես կգա սենսացիոն հայտարարությամբ

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանին պատկանող «Օլիմպավան» մարզական համալիրում 2018թ․ հուլիսի 2-ին ծեծված և <<Արմենիա>> հանրապետական բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունք նույն օրը տեղափողված մարզիկ Վյաչեսլավ Հարությունովը իր դատի օրը` սույն թվականի հուլիսի 31 պատրաստվում է սենսացիոն հայտարարությամբ հանդես գալ: Այս մասին InfoPort.am-ին հայտնեց Հարությունովի փաստաբան Ռոման Սարգսյանը:
 
«Հարությունովը կպատմի ամեն ինչ` ողջ եղելությունը, ինչը այս գործը կներկայացնի բոլորովին այլ լույսի ներքո և այն բոլորովին այլ ընթացք կստանա: Հարությունովը, մասնավորապես կպատմի, թե ովքեր են իրականում իրեն ծեծել, ինչի համար, ինչ պատճառով է նա փոխել իր նախնական ցուցմունքը, որում դաժան ծեծի մեջ մեղադրում էր ի թիվս այլոց Գագիկ Ծառուկյանին և նրա թիկնապահ Էդուարդ Բաբայանին: Ինչու է նա արդեն երկրորդ հարցաքննության ժամանակ պնդել, որ իրականում ոչ թե ծեծի է ենթարկվել, այլ վայր ընկել և ստացել մարմնական վնասվածքներ: Իմ պաշտպանյալը նաև կպարզաբանի, ովքեր են եղել նրա փաստաբանները առաջին դատական նիստի ժամանակ, ում կողմից ուղարկված և ֆինանսավորվող: Այս ամենը լույս կսփռի այս խճճված ու հանցավոր պատմության վրա»,- նշեց փաստաբանը` հավելելով, որ Հարությունովը կհրապարակի նաև գործի հետ առնչություն ունեցող, սակայն մինչ այդ չարծարծված անուններ:
 
Նշենք, որ Հարությունովը դաժան ծեծի էր ենթարկվել Գագիկ Ծառուկյանին պատկանող «Օլիմպավան» մարզական համալիրում 2018թ․ հուլիսի 2-ին այն բանի համար, որ «հանդգնել էր» պաշտպանել Բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ Արթուր Գևորգյանին, ում Ծառուկյանը տևական ժամանակ փորձում է հեռացնել այդ պաշտոնից: Իր նախնական ցուցմունքում ծեծի հետևանքով <<Արմենիա>> հանրապետական բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում հայտնված Հարությունովը պնդել էր, որ իրեն ծեծի են ենթարկել ի թիվս այլոց անձամբ Ծառուկյանը և նրա թիկնապահ Էդուարդ Բաբայանը: Այնուհետև Հարությունովը անսպասելիորեն փոխել էր իր ցուցմունքը` հայտարարելով, որ իրեն ծեծի չեն ենթարկել, վնասվածքները նա ստացել է վայր ընկնելուց, իսկ Ծառուկյանը և Բաբայանը իր լավ ընկերներն են, և ավելի լավ է ինքը դատապարտվի քան նրանք:
 
Քննությունը, սակայն այնքան էլ արժանահավատ չի համարել Հարությունովի պնդումները, ինչի հետևանքով Բաբայանը դատապարտվել է 3,5 տարվա ազատազրկման, սակայն այնուհետև ազատ արձակվել համաներմամբ: Անմիջապես դրանից հետո նա «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունից ընտրվել է պատգամավոր: Իսկ այ Ծառուկյանի մասով գործը կարճվել է, և չի բացառվում, որ Հարությունովի բացահայտումներից հետո ԲՀԿ-ի առաջնորդին որպես մեղադրյալ ներգրավեն արդեն նոր քրեական գործով:
 
 
 

  • Կիսվել: