ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Նոր անձնագրերի տրամադրումն այլևս չի ուշանա

Նոր անձնագրերի տրամադրումն այլևս չի ուշանա

Նոր անձնագրերի տրամադրումն այլևս չի ուշանա։ Այս մասին այսօր խորհրդարանում հայտեց փոխոստիկանապետ Արա Ֆիդանյանը՝ փաստելով, որ խնդիրն ամբողջովին լուծված է։

Ազգային ժողովում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը ՀՀ փոխոստիկանապետ Արա Ֆիդանյանից հետաքրքրվեց՝ ինչո՞ւ են քաղաքացիները շատ երկար սպասում նոր անձնագրի տրամադրմանը:

«Անձնագրերը տրամադրվում են բավականին ուշացումով, ինչո՞ւմն է խնդիրը», - հետաքրքրվեց պատգամավորը:

Արա Ֆիդանյանն էլ ասաց, թե խնդիրը պայմանավորված է այն հանգամանքով, որ անձնագրերի բլանկներ մատակարարող ընկերությունը, պայմանավորված համավարակով, խնդիրների ու դժվարությունների առաջ է կանգնել բլանկները տրամադրելու առումով:

«Օրեր առաջ մենք բավականին մեծ խմբաքանակ արդեն ստացել ենք ու որևէ խնդիր այս պահին առկա չէ ու մոտակա ժամանակահատվածում, համենայնդեպս, 821 նմուշի անձնագրերի տրամադրման հետ կապված խնդիր չի լինի», - ասաց փոխոստիկանապետը:

Նա նշեց նաև, թե ունեն անձնագրերի նոր մրցույթի հաղթող ընկերություն, որը ևս կարճ ժամանակահատվածում՝ մինչև տարեվերջ, պետք է մեծ խմբաքանակ տրամադրի:

«Այդ խնդիրն ամբողջովին լուծված է», - վստահեցրեց Արա Ֆիդանյանը:

  • Կիսվել: