հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Նմանօրինակ բնական աղետներն ու դրանց ծավալները դուրս են գալիս պետության սահմաններից. Միրզոյանը՝ Չավուշօղլուի հետ հանդիպումից հետո

Նմանօրինակ բնական աղետներն ու դրանց ծավալները դուրս են գալիս պետության սահմաններից. Միրզոյանը՝ Չավուշօղլուի հետ հանդիպումից հետո

Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հայտարարեց, որ Հայաստանի համար խորթ չէ այն վիշտը, որն ավերիչ երկրաշարժի հետևանքով այցելել է Թուրքիայի հազարավոր ընտանիքներ, քանի որ 1988 թվականին նույն ողբերգությանը բախվել է հայ ժողովուրդը: 

Արարատ Միրզոյանն այդ մասին ասաց Անկարայում Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուի հետ հանդիպումից հետո:

«Եվս մեկ անգամ ցավակցություն եմ հայտնում ավերիչ երկրաշարժին զոհ գնացած բազմահազար մարդկանց ընտանիքներին, Թուրքիայի ժողովրդին և կառավարությանը և շուտափույթ ապաքինում եմ մաղթում վիրավորներին:

Իմ ժողովրդի պատմության ամենադառը էջերից մեկը 1988 թվականի Սպիտակի կործանիչ երկրաշարժն էր, և այսօր մեզ համար խորթ չէ այն վիշտը, որն այցելել է Թուրքիայի հազարավոր ընտանիքներ: Նմանօրինակ բնական աղետներն ու դրանց ծավալները դուրս են գալիս պետության սահմաններից՝ դառնալով համամարդկային ողբերգություններ: Եվ աշխարհը դրանք հաղթահարելու համար պետք է գործի միասնական ճակատով: Ես հավատացած եմ, որ միջազգային հանրությունը մոլորակի որևէ կետում տեղի ունեցող որևէ հումանիտար ճգնաժամի պարագայում չպետք է անտարբեր մնա: Եվ հենց այս սկզբունքով էր, որ Հայաստանի կառավարությունն աղետալի երկրաշարժից անմիջապես հետո որոշում կայացրեց փրկարարներ և հումանիտար օգնություն ուղարկել Թուրքիա: Ես շնորհակալ եմ պարոն Չավուշօղլուին մեր փրկարարների հասցեին և ընդհանուր առմամբ հայկական ներկայության ու աջակցության կապակցությամբ արտահայտած գնահատանքի խոսքերի համար: Շատ ուրախ եմ, որ մեր փրկարարներին՝ իրենց գործընկերների հետ համագործակցությամբ, հաջողվել է փրկել մարդկային կյանքեր»,- ասաց ՀՀ ԱԳ նախարարը:

Նա նաև խորհրդանշական է համարել, որ փետրվարի 11-ին շուրջ 30 տարի փակի տակ գտվնող հայ-թուրքական սահմանը բացվեց Ադըյաման ուղարկվող հումանիտար օգնությամբ բարձված հայկական բեռնատարների համար: «Նույնը տեղի ունեցավ երեկ երեկոյան և ժամեր անց հումանիտար օգնության հերթական խմբաքանակը կհասնի Ադըյաման»,-ասաց Միրզոյանը: 

  • Կիսվել: