Նմանատիպ ներկայության ավելացված արժեքն իսկապես տեսանելի չէ մեզ համար. ՀՀ-ում ՌԴ դեսպանը՝ Հայաստան ԵՄ առաքելություն ուղարկելու մասին
Մեր կարծիքով` նմանատիպ ներկայության ավելացված արժեքն իսկապես տեսանելի չէ մեզ համար: Այս մասին Սպուտնիկ Արմենիայի հետ զրույցում ասաց Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը՝ խոսելով Հայաստան ԵՄ առաքելություն ուղարկելու մասին:
Դիտարկմանը, թե Ռուսաստանի ԱԳՆ-ն բավականին զուսպ, բայց թերահավատորեն ընդունել Հայաստան ԵՄ նոր առաքելություն ուղարկելու լուրը՝ դեսպանն արձագանքեց.
՛՛Փոխարենը մեզ քաջ հայտնի է, թե այժմ ինչ գիծ են տանում մեր արևմտյան ընդդիմախոսները` ներառյալ Եվրամիությունը, որն ըստ էության ՆԱՏՕ-ի կցորդն է դառնում։ Եվ լավ հայտնի է նրանց վերաբերմունքը Ռուսաստանի նկատմամբ՝ նրան ռազմավարական պարտության հասցնելու առումով։
Հասկանալի է, որ համապատասխան գործողություններ են ձեռնարկվում ոչ միայն Ուկրաինայի հետ կապված իրավիճակում, այլև ավելի լայն համատեքստում։ Ես ուշադրություն եմ դարձրել ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Քերըն Դոնֆրիդի վերջերս տված հարցազրույցում արված հայտարարությանը, որտեղ ուղղակիորեն խոսվում է տարածաշրջանում Ռուսաստանի և Իրանի ակտիվացման մասին, ինչն իբր պահանջում է արագացնել Հայաստանի և Ադրբեջանի միջև կարգավորման գործընթացը։
Տեսնում եք, թե ինչպես է կառուցվում տրամաբանությունը, այսինքն՝ մտահոգում են ոչ թե հայ և ադրբեջանցի ժողովուրդների շահերը, այլ տարածաշրջանում Ռուսաստանի և Իրանի ակտիվացումը։ Նման մոտեցումը, բնականաբար, մեզ էլ է անհանգստացնում։ Մենք կողմ ենք ցանկացած ջանքերի, քայլերի, որոնք կօգնեն կարգավորման հասնել։ Բայց մենք տեսնում ենք, որ այստեղ բոլորովին այլ խնդիրներ, նպատակներ են խառնում, որոնք չեն նպաստում կայուն խաղաղության հաստատմանը՛՛։
Դեսպանը ևս մեկ անգամ ընդգծեց, որ չնայած անհիմն ենթադրություններին, շահարկումներին, չնայած առկա խնդիրներին` Ռուսաստանը շարունակում է Հայաստանի դաշնակիցը մնալ, Հայաստանին որպես իր դաշնակից է ընկալում. ՛՛Եվ դրանով են որոշվում այն գործողությունները, որոնք ՌԴ-ն ձեռնարկում է ինչպես երկկողմ հարաբերությունների ոլորտում, այնպես էլ տարածաշրջանային խնդիրների լուծման գործում՛՛։
Նա նաև ասաց, որ Ռուսաստանը շատ կարևոր է Հայաստանի, ՀՀ քաղաքացիների համար, և Հայաստանը շատ կարևոր է Ռուսաստանի համար, կարևոր է հայերի դերը Ռուսաստանի կյանքում, նրա զարգացման և ամրապնդման գործում։ ՛՛Եվ դա մեր ազգային կյանքի շատ արժեքավոր մասն է։ Մենք պետք ենք միմյանց։ Եվ այս ճշմարտությունն ավելի քան երբևէ արդիական է այն բարդ իրավիճակում և այն տուրբուլենտության մեջ, որում գտնվում ենք մենք՛՛,-նշեց դեսպանը:



