երկուշաբթի, մայիս 6
6 / 5 / 2024
Նման աշխարհաքաղաքական խաղեր տալը նշանակում է 120 հազար արցախցիների կյանքի վրա ղումար խաղալ. ԱԺ պատգամավոր

Նման աշխարհաքաղաքական խաղեր տալը նշանակում է 120 հազար արցախցիների կյանքի վրա ղումար խաղալ. ԱԺ պատգամավոր

Փաշինյանն ու իր քաղաքական խմբակն իրենց քաղաքականության հետևանքով հայ-ադրդբեջանական հարաբերությունների մեջ բացեցին Թուրքիայի մուտքը, Թուրքիան հանդես է գալիս ոչ թե երրորդ կողմ, այլ  հակամարտության ուղղակի մասնակից և կարողանում է իր պայմանները թելադրել։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 11-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը։

«Արդեն երրորդ կողմերը Թուրքիայի հետ քննարկում են Հայաստան-Թուրքիա, Հայաստան-Ադրբեջան հարաբերությունները: Թուրքիան միշտ հայտարարել է, որ իրենց  դոկտրինը «մեկ ազգ, երկու պետությունն» է, եւ դրան հետամուտ է լինում: Հայաստանը պետք է թույլ չտար, որ Թուրքիան երբեւիցե կարողանար միջամտել, ավելին ասեմ՝ կառավարել Հայաստան-Ադրբեջան հարաբերությունները»-ասաց նա:

Խաչատրյանի խոսքով, այս պայմաններում խոսել Թուրքիայի հետ բարիդրացիական հարաբերությունների մասին, առնվազն միամտություն է: 

Անդրադառնալով ՔՊ-ական պատգամավոր Գագիկ Մելքոնյանի հայտարարությանը, թե Հայաստանը հույսեր չի կապում Մոսկվայի հետ եւ նոր գործընկերներ է փնտրում, Արթուր Խաչատրյանն ասաց. «Ես չեմ հիշում, որ որեւէ նոր «գործընկեր» պատրաստակամություն հայտնի այստեղ զինված կոնտինգենտ ուղարկելու, ապահովելու մեր սահմանների անվտանգությունը, Արցախի մեր հայրենակիցների անվտանգությունը, ապահովելու Քաշաթաղի միջանցքով մարդկանց եւ բեռների անխոչընդոտ երկկողմ երթեւեկությունը: Այ ծանր պայմաններում նման ռիսկային քաղաքականություն վարելը հղի է բազմաթիվ անկանխատեսելի, բացասական հետեւանքներով»:

Նա ընդգծեց, որ ՀՀ իշխանությունը հույս ունի արեւմտյան անվտանգային համակարգին միանա, եթե այդպիսի համակարգ կա. «Փորձ ենա նում դեպի Արեւմուտք շեղվել, բայց կարծեմ, երբ իրենք Արեւմուտք են նայում, տեսնում են Թուրքիային: Ֆրանսիան Հայաստանից Արեւմուտք չի երեւում, ոչ էլ ԱՄՆ-ն է երեւում: Այնպես որ հաշվարկները շատ սխալ են»:

Ինչ վերաբերում է Հռոմի ստատուտը ԱԺ-ում վավերացնելու պատրաստակամությանը, ընդդիմադիր պատգամավորը նկատեց, որ դա նույնպես շատ ռիսկային է. «Այն դեպքում, երբ 120 հազար մեր հայրենակիցների բառացիորեն կյանքը կախված է ռուսական խաղաղապահներից, նման աշխարհաքաղաքական խաղեր տալը նշանակում է այդ մարդկանց կյանքի վրա ղումար խաղալ»,-ասաց նա:

  • Կիսվել: