երեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2024
Նիկոլն ասել է՝ քանի որ ՌԴ-ն գնում է պարտության, թուլանում է, ուրեմն պետք է մեծ շրջադարձ կատարել դեպի Արևմուտք. Զուրաբյան

Նիկոլն ասել է՝ քանի որ ՌԴ-ն գնում է պարտության, թուլանում է, ուրեմն պետք է մեծ շրջադարձ կատարել դեպի Արևմուտք. Զուրաբյան

ՀԱԿ փոխնախագահ Լեւոն Զուրաբյանը 168.am-ի «Պրեսսինգ» հաղորդաշարին տված հարցազրույցում անդրադարձավ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի վարած քաղաքականությանը՝ ասելով, որ իրենք բազմիցս նախազգուշացրել են, որ նրա սխալները կհանգեցնեն աղետալի հետևանենրի:

Զուրաբյանը վարչապետի շրջապատից մի տեղեկություն պատմեց. «Եթե հիշում եք, Նոյեմբերի 9-ի հայտարարությունը ստորագրվեց, որից հետո առաջին այցը կատարվեց ՌԴ, Պուտինի հետ հանդիպման, որից հետո Պուտինն ասաց՝ լավ է, որ ընտրվել ես, հիմա ժամանակն է ծանր որոշումներ կայացնելու: Դրա տակ թաքնված էր նոյեմբերի 9-ի հայտարարության 9-րդ կետը՝ կոմունիկացիաները բացելու վերաբերյալ, կատարելու պարտավորությունը: Ու Նիկոլը սկզբում սրընթաց գնում էր դրան, և այն աստիճանի, որ դա անհանգստացրեց վրացիներին: Հետո մեկ էլ պարզվեց, որ էդ ամեն ինչը մի կողմ է դրվում ու չի կատարվում: Անունը դրեցին, որ դա խախտում է ՀՀ ինքնիշխանությունը: Ի՞նչ է կատարվել: Ամեն ինչ փոխվեց այն պահից, երբ եղան Խարկովի, Խերսոնի նահանջները, ու տպավորություն էր ստեղծվում, որ ռուսական բանակը գնում է պարտության: Եվ ահա Նիկոլի վարչակազմը ներսում քննարկումներ է անում ու ասում՝ քանի որ ՌԴ-ն գնում է պարտության, թուլանում է, ուրեմն պետք է մեծ շրջադարձ կատարել դեպի Արևմուտք: Ավելին, պետք էր նպաստել այդ թուլացմանը, ու դրա գլխավոր զենքը պետք է լիներ Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելը: Այդ կերպ ՌԴ-ն ստիպված կլիներ հեռանալ: Սա հիմարագույն հաշվարկ էր, որովհետև չէր կարելի այդ մի քանի պարտությունների հիման վրա գալ այն եզրակացության, որ Ռուսաստանը պարտվում է»:

Զորաբյանի խոսքով, նորմալ է անվտանգության բարձիկներ փնտրելը, բայց երբ դու համարում ես, որ Հայաստանում ազդեցության տարբեր լծակներ ունեցող ուժը պարտվել է, ու դու նրա հետ կարող ես անել, ինչ ուզում ես, դա ոչ մի տրամաբանական բացատրության չի ենթարկվում:

«Նիկոլի մեծագույն սխալն էր իր կնոջը Բուչա ուղարկելն ու հակառուսական ակցիային մասնակցելը, գումարած՝ Հռոմի ստատուտը, որը ոչ մի տրամաբանության մեջ չի տեղավորվում, գումարած «Լա Ռեպուբլիկային» տված հարցազրույցը, գումարած՝ հայ-ամերիկյան համատեղ զորավարժությունը:

Կատարվեցին կատաստրոֆիկ սխալներ. Այս մարդիկ չեն հասկանում, որ իրենց գործը հայ ազգի շահերի պաշտպանությունն է: Նիկոլ Փաշինյանն իր ամեն քայլով բերեց այս հանգուցալուծմանը: Նրա ամեն քայլը ռումբ է Հայաստանի, Արցախի անվտանգության շահերի տակ դրած: Ու սա նոր չէ: 5 տարի նա դրանով է զբաղված:

Հանուն լայքերի ու իր աթոռի ինքը պատրաստ է կոտորածի մատնել Արցախն ու Հայաստանը: Ակցիաների ժամանակ ինքն իր կողմնակիցներին տանում էր բախման, իսկ իրեն ոչինչ չէր լինում: Ինքը պատրաստ է սեփական ժողովրդին մատնել ցանկացած փորձության ու ներկայանալ որպես զոհ, հետո ասել, որ ինքն ուղղակի մոդերատոր է: Սա իր ոճն է, պատասխանատվությունից խուսափելու ոճը»,-ասաց Լեւոն Զուրաբյանը:

  • Կիսվել: