ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Նիկոլ Փաշինյանը և Լիտվայի վարչապետը քննարկել են երկկողմ հարաբերությունների զարգացման հեռանկարները

Նիկոլ Փաշինյանը և Լիտվայի վարչապետը քննարկել են երկկողմ հարաբերությունների զարգացման հեռանկարները

Պաշտոնական այցով Լիտվայի Հանրապետությունում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանը բարձր մակարդակի բանակցություններ է անցկացրել Լիտվայի վարչապետ Ինգրիդա Շիմոնիտեի հետ: 

Դիմավորման արարողությունից հետո երկու երկրների կառավարությունների ղեկավարները, նախ, երկկողմ հարաբերությունների օրակարգային հարցերը քննարկել են առանձնազրույցի, ապա՝ ընդլայնված կազմերով հանդիպման ընթացքում: 

Լիտվայի վարչապետը կարևորել է Նիկոլ Փաշինյանի այցը Վիլնյուս և վստահություն հայտնել, որ այն նոր ազդակ կհաղորդի երկկողմ քաղաքական, տնտեսական և հումանիտար ոլորտում համագործակցության զարգացմանը: Ինգրիդա Շիմոնիտեն ողջունել է Հայաստանում ժողովրդավարության զարգացմանն ուղղված վերջին տարիների քայլերը և նշել, որ ինչպես Եվրոպական միության, այնպես էլ երկկողմ փոխգործակցության շրջանակում իր երկրի կառավարությունը պատրաստ է օժանդակություն ցուցաբերել Հայաստանում տարբեր ոլորտներում տեղի ունեցող բարեփոխումներին: Տիկին Շիմոնիտեն հիացմունքով է արտահայտվել Հայաստանում տեղի ունեցած խորհրդարանական արտահերթ ընտրությունների մասին և ընդգծել դրանց ժողովրդավարական սկզբունքներին և բարձր չափանիշներին համապատասխանության փաստը: Նա նշել է, որ ՀՀ կառավարությունը ստացել է ժողովրդի լիարժեք մանդատը` ավելի լայն թափով առաջ մղելու բարեփոխումները: 

Նիկոլ Փաշինյանը կարևորել է հայ-լիտվական առևտրատնտեսական կապերի ընդլայնումը և Լիտվայի հետ փոխգործակցության զարգացումը տարբեր ուղղություններով: Վարչապետը նշել է երկու երկրների գործարարների միջև կապերի ընդլայնմանը միտված ծրագրերը և համոզմունք հայտնել, որ Երևանի և Վիլնյուսի միջև ուղիղ ավիաչվերթերի կազմակերպումը նոր ազդակ կհաղորդի զբոսաշրջության ոլորտում գործակցության ամրապնդմանը և առևտրատնտեսական կապերի ընդլայնմանը: Վարչապետը շնորհակալություն է հայտնել լիտվական կողմին մեր երկրին կորոնավիրուսի դեմ 50 հազար դեղաչափ պատվաստանյութ տրամադրելու համար և նշել, որ միայն համատեղ ջանքերով կլինի արդյունավետ պայքարել համավարակի դեմ:

Նիկոլ Փաշինյանը կարևորել է նաև ժողովրդավարական բարեփոխումների գործընթացում Լիտվայի հետ սերտ գործակցությունը և հավելել, որ Հայաստանը շարունակելու է ժողովրդավարության ամրապնդման հաստատակամ քայլերը: 

Կողմերն անդրադարձել են Հարավային Կովկասի տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումներին: Վարչապետ Փաշինյանը մանրամասներ է ներկայացրել գործընթացների վերաբերյալ և կարևորել Ադրբեջանի կողմից նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության ամբողջական իրականացումը, մասնավորապես, ռազմագերիների, պատանդների և այլ պահվող անձանց վերադարձի ապահովումը: 

Հանդիպման արդյունքներով վարչապետներ Փաշինյանի և Շիմոնիտեի ներկայությամբ Հայաստանի և Լիտվայի առողջապահության նախարարությունների միջև ստորագրվել է փոխգործակցության մասին համաձայնագիր: Այն ստորագրել են ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը և Լիտվայի առողջապահության նախարար Արունաս Դուլկիսը:

  • Կիսվել: