ՆԱՏՕ-ն խոցել է Լիտվայի օդային տարածք մտած անօդաչու թռչող սարքը․ Լիտվայի նախագահ
ՆԱՏՕ-ի կործանիչները ոչնչացրել են Լիտվայի օդային տարածք մտած անօդաչու թռչող սարք։ Այս մասին հայտարարել է Լիտվայի նախագահ Գիտանաս Նաուսեդան:
Նրա խոսքով՝ անօդաչու թռչող սարքը ամենայն հավանականությամբ Բելառուսից երեքշաբթի կեսգիշերն անց մուտք է գործել Լիտվայի հարավ՝ երկրի երկրորդ ամենամեծ քաղաք Կաունաս։
Իր հերթին Լիտվայի ազգային ճգնաժամային կառավարման կենտրոնի ներկայացուցիչը հայտնել է, որ ԱԹՍ-ի ծագումը դեռևս պարզված չէ։
Նշենք, որ, ըստ տեղական ԶԼՄ-ների, երեքշաբթի առավոտյան անօդաչու թռչող սարքերի մասին ահազանգեր են հնչել մայրաքաղաք Վիլնյուսում և շրջակա տարածքում։
Լիտվայի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ ՆԱՏՕ-ի հակաօդային պաշտպանության առաքելությանը մասնակցող Լիտվայի զինված ուժերը և իտալացի օդաչուները ցուցաբերել են արագ և պատասխանատու արձագանք անօդաչու թռչող սարքի ներխուժմանը։
«Հաշվի առնելով Ռուսաստանի կողմից Ուկրաինայի դեմ աճող ագրեսիան` նման պատրաստվածությունը կենսական նշանակություն ունի մեր տարածաշրջանի համար: ՆԱՏՕ-ի մեր դաշնակիցների հետ Լիտվան կպաշտպանի իր օդային տարածքը»,-ասել է երկրի նախագահը:



