շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
ՆԱՏՕ-ն ամեն կերպ աջակցել է Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորմանը. Կոլոմինա

ՆԱՏՕ-ն ամեն կերպ աջակցել է Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորմանը. Կոլոմինա

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Խավիեր Կոլոմինան Վրաստանի հանրային հեռուստաալիքի հետ հարցազրույցում անդրադարձել է Հայաստան-Ադրբեջան խաղաղության համաձայնագրի հնարավոր ստորագրմանը և տարածաշրջանային զարգացումներին:

«Մենք շատ լավատեսորեն ենք վերաբերվում վարչապետ Փաշինյանի և նախագահ Ալիևի համատեղ հայտարարությանը։ Վերջերս հանդիպել եմ նախարարների, ինչպես նաև այդ երկրների ղեկավարների հետ տարբեր առիթներով։ Կարծում ենք, որ դա շատ լավ նորություն է։

Մենք մեծ աջակցություն ենք ցուցաբերել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը։ Աջակցում ենք այդ ուղղությամբ ԵՄ-ի և ԱՄՆ-ի, ինչպես նաև Հայաստանի և Ադրբեջանի կողմից երկկողմ հիմունքներով գործադրվող ջանքերին։ Մենք կշարունակենք աջակցել նրանց` լավագույնի ակնկալիքով: Մեզ համար իսկապես կարևոր է, որ Կովկասյան տարածաշրջանում կայունությունը պահպանվի ոչ միայն այն աշխատանքի շնորհիվ, որը մենք անում ենք Վրաստանում, այլև շնորհիվ Հայաստանում և Ադրբեջանում կայունության»,- ասել է Կոլոմինան:

Լրագրողի հարցին, թե արդյոք ՆԱՏՕ-ն տեսնո՞ւմ է դաշինքին մերձենալու Երևանի շահագրգռվածությունը՝ հաշվի առնելով, որ Հայաստանի կառավարությունը ձգտում է դիվերսիֆիկացնել իր անվտանգության քաղաքականությունը, ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչը պատասխանել է.

«Կարծում եմ՝ Հայաստանը շատ հստակ որոշել է փոխել իր արտաքին քաղաքականությունը՝ Մոսկվայից որոշակի հեռավորություն պահելու համար։ Դա այն է, ինչ մենք խրախուսում ենք: Հայերն ազատ են ինքնուրույն որոշումներ ընդունելու հարցում, և նրանք որոշել են դա անել: Կարծում եմ, որ նրանք արդեն սկսում են մերձենալ մեզ. դիմել են մեզ հետ հարաբերություններում ավելի շատ համագործակցության, ավելի շատ քաղաքական երկխոսության, ՆԱՏՕ-ի ավելի շատ ներկայության համար։ Մենք խրախուսում ենք մեր գործընկերների ցանկացած որոշում, որը, մեր կարծիքով, օգուտ կբերի տարածաշրջանի կայունությանը: Դա մեզ համար շատ կարևոր է»։

  • Կիսվել: