երեքշաբթի, մայիս 21
21 / 5 / 2024
Նախկին ռեժիմից ազդեցություն կա իրավապահ մարմինների վրա. Սանասարյանի ենթադրությունը

Նախկին ռեժիմից ազդեցություն կա իրավապահ մարմինների վրա. Սանասարյանի ենթադրությունը

«Բնականաբար, կային ոչ հաճելի որոշումներ, որոնց մասին ոչինչ ասել չեմ կարող»,-այսօր լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց լիազորությունները ժամանակավորապես կասեցված ՊՎԾ պետ Դավիթ Սանասարյանը՝ խոսելով առաջին դատական նիստի մասին:

Նա նշեց, որ «բնական դատական պրոցես է, դատարանն իր որոշումներն է կայացնում», սակայն միևնույն ժամանակ հայտարարեց նաև, որ իր նկատմամբ ապօրինի հետապնդում է իրականացվում:

«Իմ լիազորությունները շարունակվում են կասեցված մնալ, և տեսեք, թե հաջորդ դատական նիստը ինչքան ուշ է լինում: Գործը կարող է երկու տարի տևել, և արդյունքում ես հեռու եմ մնում իմ պարտականություններն իրականացնելուց։ Սա իմ նկատմամաբ ապօրինի հետապնդում է, սրանով որոշ անձինք և գուցե՝ նրանց հետևում թաքնված ուժեր, իրականացրեցին ինձ հեռու պահելու քաղաքականություն»,-ասաց Սանասարյանը և հավելեց.

«Ես երկրի վարչապետին փոխանցել եմ, որ Սամվել Ադյանի նկատմամբ ճնշումներ են իրականացվում, քանի որ նրա հարազատների կողմից ինձ փոխանցվել է, որ նրա նկատմամբ ճնշումներ են գործադրվում՝ իմ դեմ գործ սարքելու նպատակով»:

Դավիթ Սանասարյանն անդրադարձավ նաև իրավապահ համակարգին՝ ասելով. «Համակարգային փոփոխություն պետք է իրականացվի, և լավ կլինի՝ լյուստրացիա արվի, թե այդ մարդիկ ու՛մ են ծառայում, ես ենթադրում եմ՝ նախկին ռեժիմից ազդեցություն կա բոլոր իրավապահ մարմինների վրա»։

  • Կիսվել: