Բնությունը չի սպասում մեր համաձայնությանը. COP17-ի նախագահ Համբարձում Մաթևոսյանի ուղերձը
ՀՀ շրջակա միջավայրի նախարար, COP17-ի նախագահ Համբարձում Մաթևոսյանը բացման խոսքով հանդես է եկել համաժողովի բարձր մակարդակի հատվածում՝ նախարարների և պատվիրակությունների ղեկավարների մասնակցությամբ։
Նախարարը նշել է, որ այս փուլում մասնակիցների գլխավոր պատասխանատվությունն է քաղաքական առաջնորդությամբ աջակցել բանակցություններին՝ օգնելով հաղթահարել առկա տարաձայնությունները, հասնել համաձայնության և ընդունված որոշումները վերածել գործնական քայլերի։
Կարևորվել է Կունմինգ-Մոնրեալի կենսաբազմազանության գլոբալ շրջանակի իրականացման առաջընթացի առաջին համաշխարհային գնահատումը։ Այն պետք է օգնի բացահայտել ձեռքբերումներն ու բացերը և հստակեցնել, թե ինչ աջակցություն է անհրաժեշտ երկրներին մինչև 2030 թվականը համատեղ նպատակներին հասնելու համար։
Որպես COP17-ի նախագահ՝ Մաթևոսյանը վերահաստատել է Հայաստանի հանձնառությունը՝ ապահովելու ներառական և թափանցիկ գործընթաց՝ բոլոր կողմերի կառուցողական մասնակցությամբ։
Նախարարի ուղերձը հստակ է․ բնությունը չի սպասում մեր համաձայնությանը։ «Որոշումները կարող ենք վերանայել և բարելավել, սակայն անհետացած տեսակը վերադարձնել չենք կարող։ Ուստի Երևանում մեր քաղաքական հանձնառությունները պետք է վերածենք բնության պահպանության համար իրական առաջընթացի»,- իր խոսքում նշել է նախարարը։



