երեքշաբթի, հոկտեմբեր 27
27 / 10 / 2026
Ընդդիմությունն ունակ է բանական կերպով քննարկել տեքստեր, բանավեճի մեջ կարող է ծնվել ճշմարտություն. Ռուբինյանը՝ նոր Սահմանադրության ընդունման մասին

Ընդդիմությունն ունակ է բանական կերպով քննարկել տեքստեր, բանավեճի մեջ կարող է ծնվել ճշմարտություն. Ռուբինյանը՝ նոր Սահմանադրության ընդունման մասին

Անկախության հռչակագրին ձեռք տալ հնարավոր չէ. փաստաթուղթը կա: Անկախության հռչակագիրը պատմական փաստաթուղթ է. դա, անկախ ամեն ինչից, գոյություն ունի: Հարցը հետևյալն է՝ ներառե՞լ հղումը նոր Սահմանադրության նախաբանի մեջ, թե՞ ոչ: Այդ մասին ճեպազրույցի ժամանակ ասաց ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանը՝ անդրադառնալով թեմայի շուրջ քննարկումներին:

«Մեր ընդդիմադիր գործընկերները պետք է հստակեցնեն իրենց դիրքորոշումը հետևյալ փիլիսոփայական հարցի շուրջ: Նրանք ասում են՝ վարչապետ Փաշինյանն ասաց՝ «Արցախը Հայաստան է, և վերջ», հետևաբար սադրեց պատերազմ»,- ասաց նա և հավելեց. «Բայց եթե ասել ենք՝ «Արցախը Հայաստան է, և վերջ» ու սադրել ենք պատերազմ, ինչո՞ւ են պնդում, որ Անկախության հռչակագրին անպայման պետք է հղում լինի Սահմանադրության մեջ: Ինձ հետաքրքիր կլինի լսել նրանց հիմնավորումը»,- ասաց նա:

Ռուբինյանը հիշեցրեց՝ ԱՄՆ-ն ևս ունի անկախության հռչակագիր, բայց դրան հղում չկա ԱՄՆ Սահմանադրության նախաբանում. կան նմանատիպ այլ երկրներ ևս:

«Հայաստանի նոր Սահմանադրության նախաբանը և, ընդհանրապես, նոր Սահմանադրությունը պետք է արտահայտեն այն աշխարհընկալումն ու իրողությունները, որոնք մեր ժողովուրդն այս պահին ունի:

Հիմա, այս պահին, առնվազն մեր ժողովրդի մեծամասնությունն ունի հետևյալ աշխարհընկալումն ու ընկալումը, ինչը փաստված է նաև վերջին քաղաքական իրադարձություններով, այդ թվում՝ ընտրություններով. ժողովուրդը համաձայն է, որ ՀՀ-ն պետք է լինի մի պետություն կամ մի պետություն է, որը պետք է պարփակված լինի իր՝ միջազգայնորեն ճանաչված սահմաններով, չունենա տարածքային պահանջներ ոչ մեկից, ապրի խաղաղ համագոյակցության մեջ իր բոլոր հարևանների հետ: Հետևաբար, նոր Սահմանադրությունը պիտի լինի այս համատեքստում:

Եթե ընդդիմադիր գործընկերները կարծում են՝ չպիտի լինի այս համատեքստում, հետևաբար կարծում են, որ այս համատեքստում պիտի հռչակագիրը մեջբերվի կամ հղում լինի հռչակագրին, որովհետև իրենք կարծում են՝ հռչակագիրն այս համատեքստն է արտահայտում, թող ուղիղ ասեն, և բանավեճ կունենանք»,- ասաց նա՝ ևս մեկ անգամ ընդգծելով, որ Անկախության հռչակագրի գոյությունը պատմական ակտ է:

Ինչ վերաբերում է Սահմանադրության փոփոխության համար արտահերթ խորհրդարանական ընտրություններ անելու հավանականությանը, որը կարող է տեղի ունենալ, եթե խորհրդարանական ընդդիմությունը չընդունի նոր Սահմանադրություն ընդունելու առաջարկը, Ռուբեն Ռուբինյանը հայտարարեց.

«Կարող է՝ ընդդիմադիր գործընկերների մտքերում բանականությունը հաղթում է, և որոշում են, որ բան են անում (նկատի ունի, որ ընդդիմությունը որոշում է ընդունել այն,- խմբ.)…

Ես բավականին բարձր կարծիք ունեմ իրենց ինտելեկտուալ կարողությունների մասին և համարում եմ, որ իրենք ունակ են բանական կերպով քննարկել տեքստեր: Բանավեճի մեջ կարող է ծնվել ճշմարտություն»:

  • Կիսվել: