ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Նախևառաջ, սա կոնվենցիա է, այլ ոչ օրենք. Արմեն Սարգսյանը՝ Լանզարոտի կոնվենցիայի մասին

Նախևառաջ, սա կոնվենցիա է, այլ ոչ օրենք. Արմեն Սարգսյանը՝ Լանզարոտի կոնվենցիայի մասին

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը «Երկիր Մեդիա» հեռուստաընկերության «Երկրի հարցը» հաղորդաշարին տված բացառիկ հարցազրույցում անդրադարձել է նաեւ Ազգային ժողովի վավերացրած Լանզարոտի կոնվենցիային եւ դրա հետ կապված իր հետագա գործողություններին:

«Սա զգայուն հարց է, որովհետեւ վերաբերում է երեխաներին, նրանց պաշտպանությանը, կրթությանն, ունի որոշակի նրբություններ: Կոնվենցիան 47 երկիր ստորագրել է, 45-ը վավերացրել է՝ սկսած Ռուսաստանից մինչեւ եվրոպական երկրներ: Մեր հարեւան երկները եւս վավերացրել են։

Ադրբեջանը վավերացնելով որոշակի հայտարարություն է արել երեք կետով, որը, կարծում եմ, կլինի մեր արտգործնախարարության ուշադրության կենտրոնում»,-ասել է նախագահը:

«Նախ եւ առաջ, սա կոնվենցիա է, այլ ոչ օրենք: Որպես անհատ, որպես նախագահ ես էլ կուզենայի, որ կոնվենցիան լիներ ինչ-որ փաստաթուղթ, որը կտար որոշակի պատկերացումներ, ուղեցույց, թե մենք կոնվենցիայի սահմաններում ինչպիսի գործողություններ ենք անելու, ունե՞նք արդյոք հայեցակարգ»:

Նախագահ Սարգսյանը նշել է, որ տարբեր երկրներ կոնվենցիան ընդունելուց հետո տարբեր մոտեցումներ են որդեգրում. «Կան երկրներ, որոնք զբաղվում են կրթությամբ 7-րդ դասարանից սկսած, կան երկրներ՝ 4 տարեկանից, կան երկրներ, որ ասել են՝ մենք հինգ կամ տասը դպրոցում փորձնական կանենք։ Կան երկրներ, որոնք ասում են՝ քանի որ կոնվենցիան հստակ ասում է, որ կրթական մասը պետք է ընդունելի լինի ծնողների համաձայնությամբ, ապա եկեք կրթական մասը հանձնենք ծնողներին կամ նրանց մասնակցությամբ իրականացնենք։ Ուրեմն, հնարավորությունները տարբեր են։ Ես չգիտեմ, թե մենք ինչ ճանապարհով ենք գնալով եւ սա է ինձ համար անհանգստություն»։

Ինչ վերաբերում է իրավական մասին, ապա ցանկացած օրենք, որ դրվում է Հանրապետության նախագահի սեղանին, նախագահը կարող է 21 օրվա ընթացքում ստորագրել կամ ուղարկել Սահմանադրական դատարան։ «Սահմանադրական դատարանն իր կարծիքն արդեն ասել է, որ սահմանադրական հակասություններ չի տեսնում, հետեւաբար, նախագահին մնում է ընդամենը մեկ ընտրություն՝ ստորագրել։ Եթե նույնիսկ նախագահը չի ստորագրում, միեւնույն է, այն կարող է Ազգային ժողովի նախագահը ստորագրել։ Հետեւաբար, իմ ստորագրելը կամ չտորագրելը որոշող նշանակություն չունի,-ասել է նախագահ Սարգսյանը:- Հույս ունեմ, որ կոնվենցիայի մասին քննարկումները կդառնան հանրային քննարկման ոչ թե ավարտը, այլ՝ սկիզբը։ Սա շատ կարեւոր է, որովհետեւ խոսքը վերաբերում է մեր երեխաներին: Մենք մեր մշակույթով շատ ենք տարբերվում այն մնացած 46 երկրներից, որոնք ստորագրել են կոնվենցիան։ Նրանցից յուրաքանչյուրն ընդունելու, ստեղծելու է այն լուծումները, որոնք համապատասխանում են իրենց պետությանը, պետականությանը, մշակույթին եւ ապագայի ու երեխաների մասին իրենց պատկերացումներին»։

  • Կիսվել: