ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Կիպրոսի Ներկայացուցիչների պալատի պատվիրակությանը

Նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Կիպրոսի Ներկայացուցիչների պալատի պատվիրակությանը

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Կիպրոսի Ներկայացուցիչների պալատի Կիպրոս-Հայաստան համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի նախագահ Հարիս Գեորգիադեսի գլխավորած պատվիրակությանը:

Նախագահը, ողջունելով հյուրերին շեշտել է, որ բարձր է գնահատում երկու երկրների, այդ թվում՝ խորհրդարանների միջև ձևավորված արդյունավետ համագործակցությունն ու Կիպրոսի խորհրդականների գործունեությունն՝ ի աջակցություն Հայաստանի.

«Հավատացած եղեք, որ ձեր աջակցության կարիքը մենք ունենք և էլի ունենալու ենք, այն մեզ ոգևորում է մեր ինքնիշխանության պահպանության, ժողովրդավարության կայացման մեր հիմնական խնդիրները լուծելու գործում»,- շեշտել է Վահագն Խաչատուրյանը:

Պատվիրակության ղեկավարը շնորհակալություն հայտնելով ընդունելության համար ընդգծել է, որ կիպրական կողմը պատրաստակամ է իր ներածի չափով աջակցություն ցուցաբերել Հայաստանին՝ ԵՄ-ում, ԵԽ-ում և այլ կառույցներում:

Հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-կիպրական գործակցության խորացման, ինչպես նաև եռակողմ՝ Հայաստան-Հունաստան-Կիպրոս համագործակցության հեռանկարները: Անդրադարձ է կատարվել տարածաշրջանային անվտանգության մարտահրավերներին և վերջիններիս դիմակայելու հնարավորություններին: Այս համատեքստում շեշտվել է հարավկովկասյան տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատման հրամայականը:

Զրույցի ընթացքում քննարկվել են Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածների իրավունքների և հումանիտար այլ հիմնախնդիրների վերաբերյալ հարցեր:

  • Կիսվել: