երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Նախագահ Խաչատուրյանը Նոուրուզի առթիվ շնորհավորել է Իրանի նախագահին և Իսլամական Հեղափոխության գերագույն առաջնորդին

Նախագահ Խաչատուրյանը Նոուրուզի առթիվ շնորհավորել է Իրանի նախագահին և Իսլամական Հեղափոխության գերագույն առաջնորդին

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Սեյյեդ Էբրահիմ Ռայիսիին Նոուրուզի՝ իրանական Ամանորի կապակցությամբ։

«Թող գալիք տարին Իրանի համար նշանավորվի նորանոր հաջողություններով և ձեռքբերումներով։ Հայաստանի Հանրապետության համար առանձնահատուկ նշանակություն ունեն Իրանի Իսլամական Հանրապետության հետ հազարամյա պատմություն ունեցող ջերմ ու բարեկամական կապերը:

Վստահ եմ, որ համատեղ ջանքերի գործադրմամբ նոր մակարդակի կբարձրացնենք երկկողմ հարաբերությունները՝ ի նպաստ տարածաշրջանային անվտանգության և մեր ժողովուրդների բարօրության:

Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և ամենայն բարիք, իսկ Իրանի բարեկամ ժողովրդին՝ հարատև խաղաղություն ու բարեկեցություն»,- մասնավորապես ասվում է ուղերձում:

***

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը Նոուրուզի կապակցությամբ շնորհավորական ուղերձ է հղել նաև Իսլամական Հեղափոխության գերագույն առաջնորդ Սեյյեդ Ալի Խամենեիին։

«Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ բնության զարթոնքի ու գարնանամուտի տոնի՝ Նոուրուզի կապակցությամբ։ Թող Նոր տարին հարևան և բարեկամ Իրանի ժողովրդի համար նշանավորվի շարունակական ձեռքբերումներով ու հարատև խաղաղությամբ։

Հայաստանը բարձր է գնահատում Իրանի հետ փոխադարձ հարգանքի մթնոլորտում ձևավորված ջերմ ու բարիդրացիական կապերը։


Համոզված եմ, որ երկկողմ հարաբերություններում առկա մեծ ներուժն իրացնելով՝ ավելի կխորացնենք սերտ փոխգործակցությունը և կարճ ժամանակում ականատես կլինենք ընթացիկ ու նախանշված հավակնոտ մի շարք ծրագրերի իրագործմանը՝ ի նպաստ տարածաշրջանային խաղաղության ամրապնդման և հայ ու իրանցի ժողովուրդների բարօրության»,- մասնավորապես ասվում է նախագահ Խաչատուրյանի ուղերձում:

--00—ՅՄ

 

  • Կիսվել: